Ներգաղթել է 1947-ին Փարիզից, Ֆրանսիա / Ապրում է Փարիզում, Ֆրանսիա

ՌՈԲԵՐՏ ԱՆԱՆԻԿՅԱՆ

Ֆրանսիայի հայության մեջ ուժեղ էր ՀՕԿ-ի (Հայաստանի օգնության կոմիտե) քարոզը՝ Հայաստանը շատ է տուժել, հանրապետությունից վերածելու են օթոնոմ (ինքնավար) հանրապետության: Անպայման գնալ, օգնել է պետք: Դրամ, կյանքի միջոցներ էին խոստանում: Շատերն էին հավատում:

«Ռոսիա» նավով՝ մոտ հինգ հազար հայերով, 1947-ին եկանք Հայաստան: Ութ տարեկան էի, բայց մայրս ինձ գրկած նավ նստեց. նախորդ օրը Ֆրանսիայում փոխվել էր իշխանությունը, եւ արգելում էին երկրից հանել այնտեղ ծնված երեխաներին: Գրկել էր՝ իբր փոքր եմ։

Դեռ չամուսնացած, որպես նույն ընտանիքի անդամներ, ծնողներս նավով Ստամբուլից եկել, ապաստանել էին Փարիզում: Ջարդերից խույս տալով՝ հայրս, փոքր եղբորն առած, փախչում է որբանոց եւ երկար թափառումների մի շրջան կատարելով, հայտնվում է ապագա կնոջ ընտանիքում:

Տեսնելով դրության վատթարացումը՝ մեծ մայրս նրանց հեռացնում է Ստամբուլից: Նավով մի կերպ հասնում են Փարիզ: Ամուսնանում են եւ արվարձաններից մեկում տուն են սարքում: Հայաստան գալուց առաջ հայրս տաքսի էր քշում։ Այդ մեքենայով էլ չորս հոգով եկանք մինչեւ Մարսել, մինչեւ «Ռոսիա» նավը:

Հասանք Բաթում, նավը կանգնել էր քարափում, իջնելու իրավունք չկար: Մեկ էլ լսում ենք՝ հորս անունն են գոռում՝ Հարությու՜ն, Անանիկյան Հարությու՜ն: Պապիս մի եղբայրը՝ Պողոսը, Բաթումում էր ապրում, դեղատուն ուներ, բայց արդեն մահացած էր: Կինը՝ Վարդուհին, մեր գալու լուրն առնելով (մի խորթ հորաքույր ունեի Երեւանում. երեւի նա էր ասել), եկել էր՝ մեզ իրենց տուն տանելու: Տպավորվել է մեջս՝ այդ տան լուսամուտները դեպի դուրս էին բացվում:
 
Գնացքով Բաթումից հասանք Երեւան: Երեւանից էլ՝ բեռնատար ավտոները մեզ տարան Կիրզա (հայրենադարձների ավան՝ Երեւանի ներկա Քանաքեռ-Զեյթուն համայնքում): Տվեցին վերջին տունը՝ 12-րդ փողոցում, որ փողոց էլ չէր, այլ քարքարոտ ճամփա: Այստեղ տեղացի ժողովուրդ չկար, բոլորը նոր եկողներ էին՝ Սուրիայից, Եգիպտոսից, Հունաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Բաղդադից: Բոլորս նույն վիճակի մեջ էինք՝ խմելու ջուր չկար, մի ծորակ կար՝ փողոցի մեջտեղը: Մի թեյաման ունեինք, գնում, դրանով ջուր էի բերում:

Շատ հետաքրքիր է եղել հորս կյանքը։ 1918 թվին, մանկատան հետ մեկտեղ եղել է Երեւանում, նույնիսկ սովորել է գյուղտնտեսական տեխնիկումում: Պատմում էր այն ժամանակվա Երեւանից՝ սով, տիֆ, արաբաներով (սայլերով) մեռելները հավաքում էին փողոցներից, տանում քաղաքից դուրս: Տեխնիկումը գյուղից գյուղ էր գնում՝ փախչում են կարմիրներից. Երեւանից Սեւան, հետո՝ Քյավառ, Իջեւան, Թիֆլիս: Այստեղ ապրում են Արամյանների տանը, որը երկրորդ հարկում տեղավորել էր 15-17 տարեկան պատանիներին: Բայց բոլշեւիկներն այստեղ էլ են հասնում, հետո՝ Կրասնոդար։ Ասում էր՝ քաղաքը մի օրվա մեջ հինգ անգամ կարմրեց ու ճերմակեց:

Մի կերպ հասնում է ծովափ, հետո՝ նավով Ստամբուլ: Գտնում է Ամերիկայի մեր ազգականների հասցեները, ինչ-որ ձեւով կապվում նրանց հետ: Էս մարդը նավի տոմս է ուղարկում եւ փող: Գնում է։ Նյու-Յորքի մոտ նավը ծովի մեջեղը կանգնած է լինում, դեռ իջած չեն լինում, հայտնում են, որ էլ հայ չեն ընդունում, հետ է գնում Ստամբուլ եւ գալիս է Փարիզ՝ արդեն մորս հետ, իսկ Փարիզից՝ նորից Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք շրջանը, որ անում է...։

1949-ի ամառվա մի գիշեր լաց ու կոծի ձայն, աղմուկ ենք լսում: Հայրս երեւի հասկացավ՝ ինչ է, դուրս չեկավ։ Առավոտը ի՜նչ տեսնենք. դիմացի բնակարանի դռները բաց, մեջը մարդ չկար: Հունաստանից եկած մի ընտանիք էր՝ տարել էին: Մայրս մի տոպրակ էր սարքել՝ բարձեր ու վերմակ էր դրել մեջը, որ մեզ տանեն, հետներս վերցնենք:

Հայրս լավ ընկերներ շատ ուներ, նրանցից մեկը՝ Աղաբաբյան ազգանունով, Երեւանի գլխավոր ճարտրպետն էր: Նրա շնորհիվ 1950-ին տեղափոխվեցինք Երեւան: Հողամաս տվեցին եւ վարկ՝ տուն կառուցելու համար: Կառուցեցինք հոյակապ երկհարկանի տուն, որտեղ եւ ապրեցինք մինչեւ 1974 թվականը:

Իսկ Ստալինի մահվան օրը մի բանով է տպավորված մեջս: Մորս հետ գնում էինք գլխավոր փոստատուն՝ Ֆրանսիայից մեզ ուղարկված բրդի գունավոր թելերի առաջին ծանրոցը ստանալու: Հորս խնդրանքով ընկերը Մարսելում մեր մեքենան վաճառել էր ու այդ ծանրոցներն էր ուղարկում մեզ: Վաճառում էինք, կիլոն՝ հազար ռուբլի: Դրանով տան համար վերցրած վարկը փոխհատուցեցինք: Այ, էդ օրը, որ գնում էինք փոստատուն, տեսնենք՝ ավտոբուսի մեջ բոլորը լաց են լինում՝ մեր մեծ հայր Իոսիֆ Վիսսարիոնովիչը մեռել ա:

Դպրոց գնացել եմ Երեւանում: Առաջին դասարանից մի բան եմ լավ հիշում՝ գեղագրության դասեր կային, տետրակները՝ թեք գծած: Բայց մի նստարանին հինգ հոգով էինք նստած, ինչպե՞ս գեղագրություն կանես: Մի թեւս դնում էի ետեւս ու մի ձեռքով գրում էի: Միաժամանակ պիոներ պալատում ռադիոյի խմբակ էի գնում: Ստեղծել էինք հաղորդիչ կայան, նույնիսկ անուն ուներ (պազիվնոյ էին ասում): Դրանով կարողանում էինք կապվել Սովետ Միության տարբեր ռադիոկայանների հետ: Երբեմն մեզ կանչում էին արտասահմանից, պատասխանելու իրավունք չունեինք: Խմբից դիմողներ եղան, որ անձնական անուն (պազիվնոյ) ունենան, ես էլ դիմեցի. իմ պատասխանը այդպես էլ չեկավ: Մի լավ ընկեր ունեի՝ պարսկահայ Աշոտ Մովսիսյան. նրա մոտ ամբողջ խմբի ցուցակն էր՝ իմ անունի վրա կարմիր գիծ էր քաշած:

Կապի մինիստրությունում քննություններ տվեցի, որ ընդունվեմ Օդեսայի կապի ինստիտուտ: Մի օր էլ նամակ եկավ՝ թե ուրիշ տեղ ես ընդունվել։ Պիտի դառնայի փորձագետ, բայց ես դա չէի ուզում։ Օդեսայի համար էի պատրաստվել՝ չգնացի:

Բացեցին ընդհանուր տեխնիկական դեկանատ, սովորեցի երեկոյան կուրսում, վերջացրի՝ ինժեների մասնագիտությամբ: Ավարտելուց հետո դիպլոմը ձեռքիցս առան, թուղթ տվեցին, որ վերջացրել եմ ինստիտուտը: Նույնը եղել է եւ եղբորս հետ: Նա լավ ավիամոդելիստ էր, Եվրոպայի ռեկորդակիր: Մրցումների ժամանակ նրան հավանում է սովետական հայտնի գրող Ֆադեեւը, տանում է, որ ընդունվի Խարկովի ավիացիոն ինստիտուտը: Երբ իմանում են՝ Փարիզում է ծնվել, ասում են՝ թեկուզ ավարտես էլ, այդ ոլորտում երբեք գործ չես գտնի: Ֆադեեւը զայրանում է: Եղբայրս հետ է գալիս Հայաստան:

Աշխատել եմ Գիտությունների ակադեմիայի էլեկտրատեխնիկայի լաբորատորիայում: Դա գիտահետազոտական ինստիտւտ էր, որտեղ ստեղծում էին հաշվիչ մեքենաներ (այն ժամանակ՝ լամպային): Ամբողջ Սովետում դրանից կար Նովոսիբիրսկում, Մոսկվայում եւ Երեւանում: Իմ գործը շատ հավանում էին, սխալներիս տոկոսն ամենացածրն էր, բայց աշխատավարձս էլ էր ցածր։ Խնդրեցի՝ չբարձրացրին, դուրս եկա, գնացի ՑՈՒՄ (կենտրոնական հանրախանութ)՝ ռադիո վերանորոգող: Հետո եղավ հեռուստատեսությունը: Կապի մինիստրության արտել կար, խնդրեցին, որ գնամ իրենց մոտ աշխատեմ: Մինչեւ 74 թիվն աշխատեցի:

Արմուս (արմյանսկիյ ստրաիծել, հայ շինարար) հիմնարկում մի ծանոթ ունեի, հա ասում էր, որ տեղափոխվեմ իրենց մոտ: Մի օր էլ տեսա, հարցրի՝ հը՞, ի՞նչ եղավ գործս, ուզում էիր գամ քեզ մոտ: Չեղավ՝ ասեց։ Փարիզում եմ ծնվել, դրա համա՞ր՝ հարցրի։ Գլխով արեց՝ հա։

Ախպար բառը ես վիրավորական չեմ համարում: Պոլսահայ բարբառում ախպարիկ, քուրիկ կասեն իրար: Բայց տեղացիներից հաճախ ենք լսել՝ ձեզ կարմիր խնձո՞ր ուղարկեցինք, որ եկաք: Կարծես թե դրա համար էինք եկել: Եկել էինք, որ երկիրը շենացնենք:

Հայաստանում ապրեցի 27 տարի: Չէ, էդ տարիները կորած չեն. ես իմ կյանքն եմ ապրել: Մարդ կա 27 տարի չի էլ ապրել: Դրականն էն էր, որ ուսումը Հայաստանում ձրի էր: Բայց քաղաքական խտրականությունը դժվար էր տանելը, զգում էիր, որ երկրորդ, երրորդ զոնայի հայ ես։ Չգիտեմ՝ ինչ սխալ մոտեցում էր մեր հանդեպ. Դա չլիներ, Հայաստանին շատ բան կարող էինք տալ: Բայց հիմա մտածում եմ՝ ի՞նչ եմ ստացել ես Հայաստանից: Ամենից լավ բաները՝ լավը-վատը կշռադատելը, անմիջապես հասկանալը։

Երբ երկու հոգով կանգնած խոսում էինք, մոտենում էր երրորդը, անմիջապես խոսակցությունը փոխում էինք: Զսպվածություն, լռությամբ տանել- դրանք միշտ էլ կային, բայց պահեր են լինում, որ էլ չես դիմանում ու ընդվզում ես:

Կիրզայում ես բոտիներ (ռեզինե կոշիկներ) ունեի, բայց շատերը չունեին, ձմեռվա ձյունին-ցրտին ոտաբոբիկ պիտի գնային դպրոց: Նրանց շալակս առած տանում էի, որ դաս սովորեն: Մայրիկս որոշեց փողով պարահանդես, խնջույք կազմակերպել, հավաքված գումարով չունեցողների համար համազգեստ, կոշիկ առնել: Դպրոցի դիրեկտորը կանչեց, գումարի կեսն ուզեց, ասելով՝ իմ դպրոցում ես կազմակերպել: Մայրս զայրացավ՝ մի՛ կոպեկ չեմ տա: Նա էլ սպառնաց՝ կտեսնեք, բոլորիդ Սիբիր ենք ուղարկելու: Երկու օրից մարդ եկավ մեր տուն՝ ընկե՛ ր Նվարդ (էն ժամանակ տիկին չէին ասում), մենք Ձեզ առաջարկում ենք դեպուտատ լինեք: Բայց մեր բարեկամները՝ Անանիկյանները, խորհուրդ չտվեցին, ասին՝ գործ չունես:

Ֆրանսահայերից շատերը կապեր ունեին արտասահմանի հետ, բայց Քրիստիան Պինոյի (Ֆրանսիայի արտգործնախարար) Հայաստան գալը օգնեց, որ մեր գնալը հաջողվի: Ես 1974 թվին դուրս եկա: Մեր տնից բոլորին թույլ էին տվել, ինձնից բացի: Եղբայրս 1966 թվին տեղափոխվել էր Ռիգա, որ ավելի հեշտ գնա Ֆրանսիա: Հայրս, որ ուղեղի մեջ կոմունիզմի հիմքերն էին, երեկոյան էլ գիտական կոմունիզմի դասերի էր գնում, հիասթափվեց եւ շատ մեծ դժվարությամբ մի օր ասաց՝ այստեղ մնալու բան չի:

Իմ հարցը շատ ձգձգեցին եւ դեռ երկար կտեւեր դա, եթե մի օր չգնայի ՕՎԻՐ եւ, ի պատասխան ինձ հետ կոպիտ խոսող աշխատակցուհու՝ հսկայական սեղանը եղած-չեղածով շուռ չտայի: «Դուք իրավունք չունեք ինձ հետ այդպես խոսելու,-ասացի,- ես դեռ սովետական քաղաքացի եմ»։ Ներս մտած գնդապետը, տեսնելով վիճակը, իր սենյակը կանչեց, սեյֆից հանեց թղթերս ու ինձ տվեց (դիտմամբ ձգձգում էին, որ ժամկետն անցնի, ասեն՝ նորից դիմիր):

- Այ տղա, ինչի՞ես գնում օտար երկիր,- հարցրեց էդ գնդապետը:
- Իմ ազգանունը Անանիկյան է, ուր որ գնամ, գիտեմ՝ հայ եմ: Եթե Ֆրանսիայի մեջ ինձ համարեն հայ, արդյո՞ք սխալ է: Սխալն այն է, ասացի՝ որ ինձ որպես հայ չեն ընդունում Հայաստանի մեջ: Մարդը լռեց. պատասխան չկար...։

Երբ երկու հոգով կանգնած խոսում էինք, մոտենում էր երրորդը, անմիջապես խոսակցությունը փոխում էինք: Զսպվածություն, լռությամբ տանել- դրանք միշտ էլ կային, բայց պահեր են լինում, որ էլ չես դիմանում ու ընդվզում ես: