Ներգաղթել է Լիբանանիս 1946-ին/ Ապրում է Գրանադա Հիլզում, ԱՄՆ

Անդրանիկ Փիլիպոսյան

1946 թվին յոթ-ութ տարեկան երեխա էի, որ Բեյրութից ողջ գերդաստանով (հայրս և երեք եղբայրները՝ ընտանիքներով) ներգաղթեցինք Հայաստան: Մեր ընտանիքը վեց հոգի էր: Հայրս՝ Գարեգին Փիլիպոսյան, մայրս՝ Ազատուհի, քույրս՝ Ազնիվ, մեծ եղբայրս՝ Տիգրան, ողորմած փոքր եղբայրս՝ Ժիրայր ու ես՝ Անդրանիկ։

Լիբանանում հայրս ոսկերիչ էր, արհեստանոց-խանութ ուներ: Մեր ընտանիքը երջանիկ ապրում էր, բայց հայրենասիրության մղումով եկանք Հայաստան: Ուրախ էին գալիս, նավի մեջ երգում էին. «Հե՜ յ կարավան, ջա՜ն կարավան, քշի՜ ր քու ճամփան, քունս չի տանիր եւ այլն»։ Ինչ երազներով եկան, բայց հայրենիքի մեջ ինչեր քաշեցին՝ պատմելով չի ավարտվի, լսելով չի պատկերացվի, էդ միայն պետք է տեսնես, ապրես։

Գիշերը ցախերով-բանով հացի հերթի կգնայինք, որ վառենք, տաքանանք՝ պզտիկներս, հղի կիները, նույնիսկ նորածինները պիտի գնային, որ նրանց արտահերթ հաց տային, բայց դա էլ հարցական էր։ Նավթն էլ էդպես պիտի առնեինք, շաքարն էլ՝ էդպես- հերթով ու բախտով: Սա էր 1946-ի մեր հայրենիքը:

Երևանում ոսկերչություն չկար. մի քանի նորեկողներ՝ Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից, մի արտել ստեղծեցին, նրանց մեջ եւ հայրս: Բայց վախ կար. թե տանը աշխատեիր, անընդհատ վտանգը աչքիդ առաջ՝ նկուղում… փողոցից մեկը անցներ, մեր կողմը նայեր, կասկած էր առաջանում:

Մի ընկեր ունեի, էլի Լիբանանից, մուսալեռցի էին: Հայրը՝ մաքուր կոմունիստ, սանրագործ էր: Հիշում եմ՝ 47-48 տարեկան՝ ակնոցը կդներ, քառակուսի սանրեր կսարքեր՝ խիտ ատամներով: Շիրվանզադեի դպրոցի հետևը կիրճի մոտ, սպանդանոց կար: Մայրը էդտեղի թափված ոսկորներից կբերեր, շուների բերանից կառներ, հայրը կաշխատեր, կծախեին թաղի մեջ, հացի փող կհանեին: Ֆինբաժնի աշխատողը հա՛ արգելեց, հա՛ իրավոնք չունես, խեղճ մարդուն հասցրին այնտեղ, որ կոմունիստ լինելով՝ ասաց. «Ես օսմանյան լուծին տակ ապրած եմ, ասանկ բան տեսած չեմ»:   

Երևանում ապրում էինք Արաբկիրում։ Գնացի 36-րդ դպրոցը: Առաջին դասարանում մեզի ա, բ, գ, դ… սովորեցրին եւ ոչ այբ, բեն, գիմ, դա, որոնք մինչ այդ էլ գիտեի, իսկ ա, բ, գ, դ-ն այդպես էլ չհասկացա: Թելադրության ժամանակ, երբ տառ էր պետք հուշել, ասում էին՝ էշի է, ճանճի ճ՝ կորցրած մեսրոպյան գեղեցիկ անունները: Այբբենարանը բացում էինք՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի տեղ՝ առաջին էջին Լենինի նկարն էր, երկրորդ էջին՝ Ստալինի:
Ծնողներս շատ զգույշ էին, մեզ արգելում էին դպրոցում որևէ բան խոսել: Թե տանն էլ մի մտահոգության շուրջ խոսեինք, էլի կզգուշացնեին՝ դրսում չխոսել: Վախի ու սարսափի մթնոլորտ էր:

Ստալինի մահվան լուրը ոգևորեց մեր ընտանիքին: Մեր տան մեջ մեկ կաթիլ արցունք չի թափվել: Պապաս ասում էր՝ օ՜ֆ, վերջապես ազատվեցինք, տղա՛ս, վաղը ճամփաները կբացվեն։ Բայց դրսում պիտի ձևացնեինք, որ տխուր ենք, շա ՜տ մեծ բան ենք կորցրել:

Ճամփաները բացվելուն շատ օգնեց Պինոյի (Քրիստիան Պինո-Ֆրանսիայի արտգործնախարար) այցը Երևան: Ֆրանսիացիներ, ֆրանսահայեր գնացին օդակայան: Ճանապարհելիս, հրաժեշտի պահին, մի կին իր երեխային գցում է նրա գիրկը, թե՝ տար այս երեխային, ազատիր այստեղից: Մարդ իր երեխային ուրիշի՞ն տա, թե տար ազատի՞ ր: Սա շատ բան է հուշում նախարարին: Դրանից հետո հայրենադարձները սկսեցին կամաց-կամաց դուրս գալ:

Ես էլ հրավիրագիր բերի Լիբանանից, որ կնոջս ու երկու երեխաներիս հետ գնամ, բայց սկզբից մերժեցին: Չե՞ս խղճում երեխաներիդ, որ տանում ես: Ասի՝ ես երեխաներիս ազատելու համար եմ գնում: Հարցրին՝ բա որ երեխաները զղջա՞ն: Ասի՝ որ զղջան, թող ետ գան: Երանի 46 թվին ձեր նման մի բարեխիղճ մարդ էլ հորս զգուշացներ, ասեր՝ դու գիտե՞ս ուր ես տանում երեխաներիդ: Պատասխանեցին՝ էդ օրերն արդեն անցան: Ես էլ թե՝ վստահ չեմ, ես իմ աչքի տեսածից եմ վախենում:

1975-ին Բեյրութը փակ էր: Ամերիկայի ընկերոջիցս հրավիրագիր ուզեցի, 76-ին Իտալիայով եկանք Ամերիկա: Այդ երկար ճանապարհներին շատ հարցեր լսեցի: Բա՝ ո՞ նց ես գնում, երեխաներիդ էլ առել ու գնում ես Ամերիկա, քեզ օդակայանում ո՞վ պիտի դիմավորի, որտե՞ղ պիտի իջնես: Ես էլ պատասխանում էի՝ դուք գիտեք, թե ու՛ր եք գնում, ես գիտեմ թե որտեղից եմ գնում: Հետո չորս տարում իմ ու կնոջս բոլոր հարազատներին բերեցի՝ 17 հոգու:

Հայաստանից իմ գնալու պատճառնե՞րը: Նախ՝ կարգերը, հետո՝ ինձ հարազատ հայ չէին համարում, երկրորդ կարգի քաղաքացի էի: Մի անգամ գործարանի տնօրենից արտասահմանի ուղեգիր ուզեցի, առաջարկեց՝ Բուլղարիա գնալ՝ տուրիստ: Երբ իմացավ՝ կապիտալիստական երկիր եմ ուզում, ասեց. «Անդրանի՛ կ, ինչպե՞ ս տամ, դու հայրենադարձ չե՞ ս: Երեսիս ասեց հայրենադարձ, ուրիշ տեղ ախպար կասեր»:

Տեղացիների կողմից քննադատությունն ու ծաղրը կար՝ բանան, ապելսին (էն ժամանակ նարինջ չէին ասում) ուտելու համար եք գնում. հայրենիքի դավաճան, դաշնակցական, ֆաշիստ… Նույնիսկ մի հավաքույթի ժամանակ վռնդեցին տնից։ Սովետը փլվեց, էդ ասողներն էլ եկան, շարվեցին էստեղ (ԱՄՆ-ում), չմտածեցին՝ Անդրանիկի աչքերի մեջ ինչպե՞ս պիտի նայեն:
Փոքր եղբայրս ականջի հետ կապված խնդիր ուներ դեռ մանկությունից: Առաջին հիվանդանոցում թերի վիրահատություն արեցին. արտադրությունը դուրս քաշող փաթույթ պիտի դնեին, չդրին, էդ ամբողջը ուղեղին տվեց: Վերջում պառկած էր Սպանդարյան փողոցի հիվանդանոցում (Երեւանի N2 հիվանդանոց): Եղբայրս արդեն հուսահատ էր: Իր ձեռքով շինած մի պզտիկ խաչ ուներ վզին. բերանն էր առնում, Աստծուց օգնություն էր խնդրում: Բժիշկը գալիս էր (ափսոս անունը չեմ հիշում), հայ բժիշկը առաջին քրիստոնյա երկրում, ինքն էլ երդում տված բժիշկ, ասում էր՝ երիտասա՛ րդ, էս խաչը քեզ կյաՙ՚ նք ա տալու, գցել ես բերանդ։ Ուզում էր ասել՝ դու մեռնելու ես, էս խաչը քեզ չի օգնելու։ Երբ Սովետը փուլ եկավ, արդյոք էդ բժիշկը հավատացյալ չդարձա՞վ:

Կինո «Մոսկվա» շինեցին Երևանի ամենակենտրոնական տեղում: Նպատակը Պողոս-Պետրոս հսկայական եկեղեցին քանդելն էր: Եվ տասնյակ էդպիսի եկեղեցիներ քանդեցին, մի քար չեն պահել, որ ցուցահանդեսի ապակիի տակ դնեն, եւ դեռ Թուրքիան են ցույց տալիս, թե տեսեք՝ հայկական եկեղեցու քարերով թուրքը կամ քուրդը տուն կամ պարիսպ են սարքել։ Նրանք գոնե անգիտակցաբար պահել են, իսկ Հայաստանում քանդածները երևի աղացին ու փոշիացրին:

Դժգոհ էի երկրի սիստեմից։ Հնարավո՞ր է, որ անտառի բոլոր ծառերը հավասար լինեն, նույն տեսքը ունենան, նույն տերևը, նույն ճյուղը: Բոլոր մարդիկ հավասար են. սրանից ավելի մեծ հիմարություն կա՞:

Ես յոթ-ութ տարեկանից զգացել եմ էդ զրկանքները՝ սովը, գիշերը անոթի պառկելը, սև հացը, որ ձեռքիդ կկպներ, եւ այդ ժամանակից որոշել եմ՝ էս երկիրն ապրելու տեղ չի: Որ ասում եմ՝ երկիր, չպիտի հասկանաք իմ հայրենիքը, այլ Սովետական Միությունը, որտեղ Ադրբեջանն էլ էր իմ հայրենիքը, Ուզբեկստանն էլ, Տաջիկստանն էլ… Ամբողջ երեսուն տարի կյանքս, պայքարս եղել ա դուրս գալ համակենտրոնացման այդ ճամբարից, հսկայական տարածությամբ այդ բանտից, որի սահմանները չէին երևում, դրա համար էլ ասում էին՝ ազատ երկիր ա։

Ինձ համար հայրենիքը սրբություն սրբոց ա: Եթե ես ծայրաստիճան հայրենասեր չլինեի, չէի լքի Սովետական Միությունը, որովհետև դա հայրենիք չէր: Իմ հայրենիքը Հայաստանն էր, որ չկար էնտեղ: Աշխարհում երկու երկիր կար, ուր հայը չէր կրնա հայրենասիրական երգեր երգել. մեկ`Թուրքիան, մեկն էլ՝ Սովետական Հայաստանը: Հայաստանում Նժդեհ երգեիր, Նժդեհի օրը կգցեին: Նժդեհին էդ օրը գցող երկիրը իմ հայրենիքս չի կրնա ըլլալ:

Հիմա «Հայաստան պիտի երթանք» ասողներին տոմսը առ, չեն երթա: Գետը էսպես ա հոսում, ամբողջ ժողովուրդը դուրս ա գալիս, դու ինձ համոզե, որ հակառակ պիտի լողամ:

Աշխարհում երկու երկիր կար, ուր հայը չէր կրնա հայրենասիրական երգեր երգել. մեկ`Թուրքիան, մեկն էլ՝ Սովետական Հայաստանը: Հայաստանում Նժդեհ երգեիր, Նժդեհի օրը կգցեին: Նժդեհին էդ օրը գցող երկիրը իմ հայրենիքս չի կրնա ըլլալ: