Ներգաղթել է 1936-ին Փարիզից, Ֆրանսիա / Ապրում է Պանորամա Սիթիում, ԱՄՆ

Արաքսի Դեմիրճյան

ԽԱՉԻԿ - 1946 թվին Բեյրութից «Չուկոտկա» նավով եկանք Հայաստան: Փոքր նավ էր, մեջը բեյլանցիներ էին եւ Սուր քաղաքից մի քանի ընտանիք: Մեր ընտանիքը հինգ հոգի էր. հայրս՝ Հովհաննես, մայրս՝ Եղիսաբեթ, ես՝ Խաչիկ, միջնակ եղբայրս՝ Դանիել, փոքրը՝ Արամ: Սուրը Բեյրութից հարավ է: Հայրս այնտեղ դեղատուն ուներ։ Դպրոցից ազատ ժամերին ես նրան օգնում էի դեղատանը: Հայաստան հասանք նոյեմբերի 7-ից մի քանի օր առաջ: Մեր բարեկամներից մեկն ինձ տարավ Երեւանի դեղատների վարչություն: Ես 16 տարեկանից սկսեցի աշխատել հեղուկների բաժնում՝ մինչեւ աքսորը:

ԱՐԱՔՍԻ
- Իսկ մենք 1936 թվին Հայաստան էինք եկել Ֆրանսիայից: Ես փոքր եմ եղել, երեք տարեկան, շատ բան պատմելով եմ հիշում: Այն ժամանակ ընտանիքում միայն երկու երեխա էինք. ես՝ Արաքսի եւ մեծ քույրս՝ Վարդանուշ՝ ջարդի ժամանակ սպանված հորաքույրերիս անուններն են: Մեծ ընտանիքից միայն հայրս է փրկվել՝ մոր ու մի քրոջ հետ : Իսկ մայրական ընտանիքս՝ Դեմիրճյաններ, շուտ են գնացել Ֆրանսիա, Լիոն: Քանի որ Հալեպում հարեւաններ են եղել, հայրս խնդրել է մեծ հայրիկիս (իր ապագա աներոջը), որ իրեն էլ տանի Ֆրանսիա: Այնտեղ էլ ամուսնացել է մորս հետ:

Մայրս, ոտներն ընկած, աղաչել է հորս՝ չգնանք Հայաստան։ Մորս ամբողջ ընտանիքն է դեմ եղել մեր Հայաստան գալուն, բացի Խաչատուրից (մորս հորեղբորորդին), որը երազում էր գնալ Հայաստան եւ ամուսնանալ կոլխոզնիկ աղջկա հետ: Բայց գալով հիասթափվում է եւ հիմա էլ հորս համոզում է, որ նա գնա Մոսկվա՝ դեսպանատուն (Ֆրանսիայի), թե հետ ենք ուզում գնալ: Հայրս մինչեւ Մոսկվա 15 օր գնացքով ճանապարհ է գնում: Դեսպանատանը վախեցնում են՝ թռչունն անգամ չի կարող հետ գնալ: Վերադառնում է, Չե-Կա-ում պարկի մեջ են դնում, ծեծում են: Անունը սեւ ցուցակում են գրում:
 
Հայրս` Գրիգորը, լուսանկարիչ էր, հետը լուսանկարչական ապարատներ, գործիքներ, ոսկի ժամացույցներ շատ էր բերել, նույնիսկ՝ հեծանիվ: Լավ ունեցվածքով էինք եկել: Քանաքեռում հողամաս տվեցին, ֆոտո սարքեց, սկսեց աշխատել: Հետո մեծ տուն սարքեց՝ երեքհարկանի, շատ գեղեցիկ: Ձմեռը միշտ կով էինք մորթում, բաստուրմա, սուջուխ էինք սարքում: Այծեր, ոչխարներ ունեինք: Արաբկիրի ամենահարուստը մենք էինք, բայց այդ տունը երեք տարի էլ չվայելեցինք: 1941-ին, երբ պատերազմը սկսվեց, եկան, խուզարկեցին՝ զենք փնտրելու պատրվակով, ու պապայիս տարան: Երեւանի կրկեսի տակ գաղտնի տեղ կար, պապայիս հարցաքննում էին: Մի ամիս ես ու մամաս գնում էինք տեսության, մի օր էլ ասին՝ կայարան են տարել յոթ ընկերների հետ։ Բոլորը մահացան, միայն ինքը վերադարձավ ութ տարի հետո: Աքսորել էին Ղազախստան: Աշխատել էր իր ձեռքի շնորհքով՝ ռուսական վառարաններ էր սարքել:

Երբ հայրս եկավ, ունեցանք եւս մի քույր, իսկ մինչեւ գնալը ծնվել էր եղբայրս՝ Ֆիլիպը: Հորս հետ աքսորված մի ֆրանսահայ՝ Փայլակը, որ նույնպես Արաբկիրում տուն ուներ, խնդրել էր, որ հայրս իրենց շուշաբանդը (պատշգամբ) սարքի: Սարքեց: Եկավ թաղայինը, պահանջեց քանդել: Պապաս հրաժարվեց. «Ինչո՞ւ քանդեմ, այս ընտանիքի հայրը մահացած է»: Աղմուկ բարձրացավ, թաղայինն ասեց՝ ֆինբաժնին չես հայտնել, սպառնաց՝ մատը թափ տալով, թե էլի աքսոր կուղարկի՝ ընտանիքով: Այդպես էլ արեց՝ 1949 թվին: Տատիկս՝ Օվսաննա խանումը, 80 տարեկան էր, մայրս՝ Վարսենիկը՝ 50 չկար, մեծ քույրս՝ 18, ես՝ 15, եղբայրս՝ 9, փոքր քու յրս՝ մեկ տարեկան եւ հայրս:

ԽԱՉԻԿ
- 1949-ին հազիվ սկսել էինք ոտքի կանգնել: Անցել էին այն օրերը, երբ ամբողջ ուշքդ ու միտքդ մի կտոր հացն էր, որ գիշերը անոթի չքնես: Մեր դրությունը սկսել էր լավանալ, մեկ էլ՝ աքսոր: Աքսորն էլ 15-17 օր ճանապարհ: Եթե էդ ճանապարհը մեկը պատմեր, բոլոր լսողներն ուղղակի լաց կլինեին։

Հայրս՝ Հովհաննեսը, միամիտ մարդ էր, եղբայրներով շատ անգամ ենք զգուշացրել՝ դրսում չխոսես, պատերը ականջ ունեն, բայց խոսացնողները շատ էին: Արդեն սեւ ցուցակ էին գցել: Մի օր էլ գիշերով լիազորը թակեց մեր դուռը, հետը երկու ԿԳԲ-ական եւ մի ռուս զինվոր՝ սվինով: Սկսեցին խուզարկել՝ զենք էին փնտրում, անգամ՝ դանակ, հետո գտան մի լուսանկար՝ հայրս Թուրքիայում փոլիս (ոստիկան) աշխատած ժամանակ: Ասացին՝ ահա՛, գաղտնի գործեր ես արել: Հայրս արդարացավ՝ մի տարի եմ աշխատել՝ ընտանիքս պահելու համար: Իսկ լիազորը, թե՝ պետությունը ձեզ տեղափոխում է ուրիշ տեղ, գտնում ենք, որ էստեղ չպիտի մնաք:

Գիշերով մեզ նստացրին գռուզավիկ (բեռնատար) մեքենան, բան էլ չունեինք հետներս վերցնելու, ու քշեցին կայարան: Կանգնած էին 60 ապրանքատար վագոններ: Ամեն մի վագոնի մեջ բերում լցնում էին մարդկանց՝ զոռով, խաթրով, հրելով մտցնում էին։ Եղբա՛յր, ու՞ր եք տանում։ Գնացեք, մտեք, պետությունը էսպես ա որոշել։ Մեզ հասավ 56-րդ վագոնը: Մեզ հետ մի ընտանիք էլ բերին։ Մայրը եւ երկու երեխա։ Մոր անունը Հռիփսիկ էր: Գոռում է՝ ո՞ւր եք տանում, մարդս գործով տեղ ա գնացել, ես մենակ՝ ո՞ւր եք տանում: Սրան թե՝ հանգիստ եղիր: Հինգ րոպե չանցած՝ տեսնենք՝ քշելով, ծեծելով, խփելով մի մարդու են բերում: Հռիփսիկի մարդն էր: Ինքն էլ ա վարորդ եղել, իր մեքենայով ընտանիք ա բերել կայարան: Մեքենայից էին իջեցրել՝ հարկադրաբար։ Կնոջն ու երեխաներին տեսավ, ապշած մնաց՝ ես ուրիշի ընտանիք եմ բերել, իմ ընտանիքն էլ մի ուրի՞շն ա բերել։

Վագոնի դռները պինդ փակեցին, փոքր լուսամուտներ՝ ճաղապատ, ու ճանապարհ ընկանք: Մի օր սոված մնացինք, Բաքուն անցանք մեզ ուտելիք տվեցին։ Եկան հաշվեցին ամեն վագոնում եղած ժողովրդին, քանի հոգի են՝ 10-20-30..., մի պատասխանատու դրին: Ճանապարհին տեղ-տեղ կանգնում էին, որ մարդիկ իրանց պահանջները հոգան: Տղա-աղջիկ, քույր-ախպեր, մեր-կին չկար, բոլորը իրանց պահանջները նույն տեղում հոգում էին՝ աչքները փակելով: Այդպես ամեն օր մեկ-երկու անգամ կայնում էր էշելոնը: Մի օր էլ մայրս ամաչելով վագոնի տակից անցավ գնացքի մյուս կողմը, որտեղ միայն կանայք էին, գնացքը շարժվեց։ Հեռախոս չկա, դրոշակով նշան պիտի անես վերջին վագոնի զինվորներին, որ կանգնեցնեն: Տասնյակ մարդիկ էին մնացել դուրսը, միայն մայրս չէր: Գնացքը մոտ հարյուր մետր գնացել էր, հազիվ կարողացանք կանգնացնել։

Մի շաբաթից, կարծեմ Չելյաբինսկում, ժողովրդին տարան բաղնիք, որից հետո հասանք Սոռոկինո: Այդտեղից բաժանեցին տեղամասերի, մեզ տարան Ռազմիշկա՝ Ինգարա գետի ափին: Երկու-երեք բարաքի մեջ քսանից ավելի հայ ընտանիք տեղավորեցին՝ Եգիպտոսից, Ֆրանսիայից, Լիբանանից, տասը ընտանիք ՝ ղարաբաղցի:

Մեր աշխատանքը անտառը կտրելն էր՝ էլեկտրական եւ ձեռի սղոցներով: Էնտեղի մեծի ազգանունը Զվերեւ էր: Եվ իսկապես, ոնց որ զվեր (գազան) լիներ: Մտրակով էր գալիս մոտենում ժողովրդին:

Թեեւ ամառ էր, առաջին գիշերը մեծ խարույկ էինք վառել՝ վխտացող մոծակների բազմությունը քշելու համար: Ամբողջ ժողովուրդը հավաքվել էր կրակի մոտ: Երեք քույրեր կային՝ մոր հետ աքսորված, իսկ հորն առանձին էին աքսորել, լուր չունեին: Նրանցից մեկը գրի էր առել մեր աքսորի ճանապարհի սարսափելի պատմությունը, սկսեց կարդալ: Բոլորը լաց էին լինում՝ լսելով իրենց կյանքը: Սիբիրում մնացինք վեց ու կես տարի: Ազատվելուց տարի ու կես առաջ նշանվեցինք:

ԱՐԱՔՍԻ - Սիբիրում մեր ընտանիքները միասին են եղել: Երբ էդ ռուսների տներում տեղավորեցին, սապոգները դնում էինք գլուխներիս տակ, դուռը փակում, պառկում: Բայց վա՜յ էդ պառկելուն: Ռուսները մեզ թարս աչքով էին նայում, գիտեին՝ հանցագործ ենք, որ աքսորել են: Աքսորի դառը հիշողությունների մեջ առանձնանում է մեր ամուսնությունը: Երեսուն կիլոմետր ոտքով զագս գնացինք: Բացի դրանից՝ տեր հայրով ենք ամուսնացել։ Նա էլ աքսորված էր. լուր ղրկեցինք՝ եկավ: Մի հարյուր հոգի մարդ կար, երեք-չորս նվագող: Շա՜տ մեծ հարսանիք էր: Նման հարսանիք ոչ մեկը չի արել: Էն էլ ասեմ՝ սկեսրայրիս սիրելի հարսն եմ եղել: Ունեցել եմ իդեալական սկիսուր: Ես առաջնեկիս էի սպասում, երբ Խաչիկենց ազատականն եկավ, նրանց ընտանիքը գնաց Երեւան, մնացինք երկուսով: Մեր ընտանիքի ազատականը տվեցին մի տարի անց, արդեն տղաս ծնվել էր:

ԽԱՉԻԿ
- Մինչեւ Հայաստան գնալներս, քենիս՝ Վարդանուշը, մեզ մի քանի օրով իր մոտ՝Բառնաուլ կանչեց, որ քրոջից կարոտն առնի: Մեր երեխան դեռ չէր ծնվել, իրենք օրորոցի երեխա ունեին: Երկու քույր ինձ խնդրեցին, որ մնամ քնած երեխայի մոտ, իրենք դուրս գան խանութներ: Նոր էին դուրս եկել, մեկ էլ՝ դուռը թակեցին, բա՝ Դեմիրճյան Արաքսին ստե՞ղ է։ Ասեցի՝ այո, քույրերով խանութ են գնացել, ուզում եք՝ ներս եկեք, մինչեւ գան: Մի տեբե վերիմ (մենք քեզ հավատում ենք)՝ ասին ու գնացին. Երկու ԿԳԲ-ական ոստիկան էին: Մեզ հետ աքսորվածներից մի ղարաբաղցի էր տեղյակ պահել, իբր փախել ենք Հայաստան:

Ստալինի մահվան օրը Ռազմիշկայում 53 աստիճան ցուրտ էր։ Ոչ թերթ կար, ոչ ռադիո, լուրը մեզ հասցրեց մի պարտիական՝ ի՜նչ ցավալի բան է պատահել…։ Բայց մենք տղաներով իրար աչքով էինք անում՝ էս ի՜նչ բախտավորություն է: Գնացինք գործի մի երկու-երեք կիլոմետր, էդ նույն մարդը եկավ, թե բոլորդ էսինչ ժամին պետք է շարք կանգնեք, գլխարկներդ հանած, մի րոպե լռություն. մոտակա կայարանից գնացքի շչակը պիտի հնչի: Երբ տուն գալով՝ հորս հայտնեցինք, շատ ուրախացավ, այնքան, որ մենք զգուշացրինք՝ դրսում ցույց չտաս:
 
Սովետից դուրս գալու փորձեր արել էինք, բայց գալը հաջողվեց, երբ աղջիկս ամուսնացավ ԱՄՆ-ում արդեն բնակվող մի տղայի հետ, որը եկել էր Հայաստան՝ հարսնացու տանելու: 1988-ին իրենց հյուր գնացինք: Փեսաս, իմանալով մշտական մեկնելու ցանկությունս, վիզա ղրկեց:

Դուրս գալու պատճառները շատ էին: Աշխատում էի կահույքի գործարանի հավաքման արտադրամասում: Վարպետի, ղեկավարի ազգականները արեւի տակ պառկած օր էին անցկացնում, ստանում էին 300-400 ռուբլի, ես քափ ու քրտինք մտած աշխատում էի, ստանում էի 100-120 ռուբլի: Բողոքում էիր, ասում էին՝ պետությունը իրավունք չի տալիս ձեզ՝ սրանից ավել ստանաք:

Սովետը վաղ թե ուշ մի օր պիտի քանդվեր: Այն տարիներին, լսել եմ, որ Հայաստանը Ռուսաստանին տարեկան 17 մլրդ ռուբլի էր տալիս, դրա դիմաց, որպես բյուջե, ստանում էր 2,5 մլրդ: Դրա համար էլ հասարակ բանվորը ինչքան էլ չարչարվեր, 100 ռուբլի էր ստանում:

Մեզ անընդհատ հետապնդում էր վախը: Աշխատանքից ուշանալու վախը, որ գործից չհանեն: Կրկին աքսորվելու վախը: Վախ վախի վրա: 88-ի երկրաշարժը եղավ. եւս մի վախ: Այդ պահին աշխատանքիս տեղում էի, երկրորդ հարկում, ցնցումից վախեցա, եւս մի վախ։ Էսօր կինս էլ, ես էլ, մի թխկոց ենք լսում, անմիջապես վեր ենք թռնում։

Երեսուն կիլոմետր ոտքով զագս գնացինք: Բացի դրանից՝ տեր հայրով ենք ամուսնացել։ Նա էլ աքսորված էր. լուր ղրկեցինք՝ եկավ: Մի հարյուր հոգի մարդ կար, երեք-չորս նվագող: Շա՜տ մեծ հարսանիք էր: Նման հարսանիք ոչ մեկը չի արել: