Ներգաղթել է Հունաստանից 1947-ին / ապրում է Նորթ Հոլիվուդում, ԱՄՆ

Հարություն Պողոսյան

1983 թվին եկանք ԱՄՆ, Լոս Անջելես: Հայրս ու մայրս արդեն մահացել էին, մնացել էինք հինգ երեխաս՝ մեծացած: Ճիշտն ասած՝ ես ու փոքր քույրս չէինք ուզում դուրս գալ, արդեն ապրել էինք, սովորել էինք, սիրում էինք հայկական հյուրասիրությունը, մեր մանկությունը Հայաստանում էր անցել: Երբ որ գնացինք Մոսկվա՝ օդանավ նստենք, ուզում էի չորսին ուղարկեմ, ես հետ գամ: Բայց իմացա՝ մեկս բացակայի՝ մյուսներին չեն թողնի: Մինչև հիմա էդ դարդը սրտիս ա: Ստիպեցին մեզի, քարուքանդ արեցին ու ստիպեցին, որ դուրս գանք: 1983 թվի մարտին մտա օվիրի պետի մոտ: Հարցրեց` ինչուՙ՚ եք ուզում գնալ, ասեցի՝ դուք եք ուղարկում: Օտար երկրներից մեզի Հայաստան բերեցիք ձրի, մեզնից ամեն մեկից 5000 ռուբլի եք առնում, որ ուղարկեք դուրս: Ես չեմ ուզում գնալ, ինչուՙ՚ եք ինձ ստիպում: Ինչի՞ տունս քանդեցիք: Լսեց ու ասեց՝ ձեզ ժամանակ ենք տալիս երկու ամիս, պիտի երթաք:

Մեր սեփական տունը քանդեցին, մի կոպեկ չտվեցին. Բնակարաններ տվին առանձին-առանձին , բայց դրանցից էլ բան չմնաց մեզ՝ չհասցրինք ծախել:

Մեր՝ Պողոսյանների ընտանիքը յոթ հոգի էր, հայրս՝ Արշակը, մայրս Նվարդը, քույրերս՝ Մաքրուհին և Լուսինեն, եղբայրներս՝Հակոբն ու Վարդանը եւ ես: Հունաստանից Հայաստան եկանք 1947-ի օգոստոսին «Չուկոտկա» նավով:

Հայրս անվանի զինագործ էր: Շատ հարգելի մարդիկ նրան հետ էին պահում, որ չգնանք, բայց նա հանուն իր երեխաների ապագայի՝ որոշեց ընտանյոք գալ Հայաստան:

Բաթումում մեզ ստիպեցին, որ ինչ ունենք-չունենք, թափենք ծովը: Այն եմ հիշում, որ տեղի ժողովուրդը՝ վրացիներ, աբխազներ, էդ սառը եղանակին հագուստներով իրանց ծովն էին գցում, որ թափածը հավաքեն։ Հայրս ասեց մորս՝ Նվա՛րդ, մեր երեխաների ապագան խորտակեցինք: Այդտեղից սկսեց մտավախությունը:

Մեզի տեղավորեցին Երևանի 3-րդ մաս կոչվող թաղամասում, Կաուչուկի գործարանի շենքերից մեկում։ Յոթ հոգով մի սենյակում էինք ապրում: Տվին մի դույլ, մի տաշտ, բանտարկյալի երկու տաբուրետկա՝ մեջտեղը ծակ, մի երկաթե մահճակալ։ Մինչև 1955 թվականը մեզանից դրանց համար փող էին գանձում: Ա՜յ զարմանք, էդ ժեշտերը արդեն վաղուց չկային:1950 թվին հայրս հողամաս վերցրեց, տուն կառուցեց՝ երկհարկանի: Նա աշխատում էր Կաուչուկի գործարանում:

Հունաստանում ես հունական դպրոց եմ գնացել (հայկականը մեր տնից շատ հեռու էր): Չորրորդս ավարտեցի, եկանք Հայաստան: Քանի որ լեզուն չգիտեի, գնացի երկրորդ դասարան: Ընկերոջս չարության պատճառով դուրս եկանք դպրոցից եւ էլ

չգնացինք: Ինքնուրույն եմ սովորել հայերենը, ռուսերենը, նաև ծնողներիցս թուրքերենը՝ գրել-կարդալ:

Դպրոցից մի դեպք եմ հիշում: Կարճ շալվարով գնացել էի դասի: Դասատուն հարցրեց՝ չեՙ՚ ս մրսում: Հայերեն լավ չէի հասկանում.պատասխանեցի՝ սոված եմ: Դասարանի աշակերտները ծիծաղեցին։ Դասատուն չհասկացավ ծիծաղի պատճառը։ Երեխաները բացատրեցին՝ ասում ա՝ սոված եմ, ու ծաղրեցին՝ ախպար ա: Էդ պիտակը մնաց վրաս մինչև 1983 թվականը: Ախպար ու տեղացի անընդհատ նշվում էր. մեկ-մեկ էլ առանց չարության, պարզապես լեզուների տարբերության համար էին ասում: Հաճախ չէինք էլ նեղանում, զգալով, որ դիմացինը պարզապես տգետ է:

Հայրենադարձությունը անկազմակերպ էր: Մի կողմից լավ էր, որ Հայաստանը մաս-մաս չբաժանվեր, մյուս կողմից՝ հայաստանցիները նեղության մեջ էին, ուտելու բան չունեին, դրա համար էլ մեզ լավ չէին ընդունում:

1949 թվին եղավ աքսորը: Մենք էլ չամադանները (ճամպրուկները) պատրաստ՝ սպասում էինք, բայց մեզ չտարան: Պարսկահայ մի հարևանուհի ունեինք՝ տիկին Պայծառը, մեզ տվեց Ստալինի նկարը, թե՝ կպցրեք պատին: Ինքն իր ձեռքով կոնֆետ դրեց նկարի հետեւը եւ սովորեցրեց, որ փոքր քույրս Ստալին պապիկից կոնֆետ ուզի: Եկան մեր տունը նայեցին, տեսան Ստալինի նկարը, դրա համար մեզ չաքսորեցին, իմ կարծիքն էդ է:

Մինչև հիմա էլ չեմ հասկանում, Տե՛ր Աստված, ո՞րն էր մեր մեղքը, ինչու՞ բերեցին, ինչու՞ աքսորեցին։ Մեր մեղքը օտարության մեջ ծնված լինե՞լն էր, որ աշխատանքի տեղում չէին վստահում՝ իմացածդ գործը անես:

Իմ ու եղբորս բանակում ծառայելու տարիները համընկնում էին: Շատ դիմեցի, որ մեկիս տարկետում տան: Բանը հասավ մինիստրին՝ Գրեչկոյին, պատասխանը եկավ՝ վերանայել: Եղբայրս մոտ մի տարի ծառայած՝ ազատեցին, բայց քանի որ երեք տարով էր, չէին գրանցում, փախստականի պես մնում էր այստեղ-այնտեղ: Ես զորացրվեցի 1958 թվին։ Ինձ մի քանի առաջարկ արին թուրքերեն, հունարեն լեզուների իմ գիտությամբ աշխատել իրենց համար. hրաժարվեցի՝ նպատակը պարզ չէր:

Հետո հաստատուն մասնագիտությունս եղավ մեխանիկ՝ Հայէլեկտրոյում, մեքենաշինության մեջ։ Նորարական շատ առաջարկություններ եմ արել, բայց մենակ իմ անունով չէին ընդունում, իմի հետ անպայման պիտի գրեին վարպետի անունն էլ, որ ասեին՝ մենակ քո ուղեղով չես արել: Ի՞նչ արած, էդպես էլ է պատահում։

Հայաստանից դուրս գալը ձեռնարկել էիք 1962 թվից: Մայրս դեռ ողջ էր: Մորքուր ունեինք Հունաստան, թղթեր շինեցինք, բայց ութ տարի ձգձգեցին, Հունաստանում հեղաշրջում եղավ, հիմա էլ որոշեցինք Ամերիկա գնալ: Զբաղվում էր փոքր եղբայրս: ՕՎԻՐ-ը Խանջյան փողոցում էր: Ձմեռ էր: Անձնագրերը գցեցինք մայթին, եղբորս բռնեցին, տարան երեք օր պահեցին։ Շատ ծեծեցին, որ ուզում էր երկրից գնալ: Ամեն մեկիցս 5000 ռուբլի փող էին ուզում: Տվեցինք, բայց մերժեցին:

1977 թվին կառուցում էին Բելինսկու անվան դպրոցը. պարիսպ գցեցին։ Մեր տունը կողքն էր եւ չէր խանգարում, բայց հրաման եկավ Լենինյան ռայսովետի նախագահից (ազգանունը Հասրաթյան էր) ՝տունը պիտի քանդել: Եվ ինչի՞ են քանդում: Արդեն դիմել էինք Հայաստանից դուրս գալու համար, հարևաններից մեկը «լավություն» է անում, հայտնում է՝ սրանք գնում են ստեղից, տունը ուզում են ծախեն: Հայրս ու մայրս արդեն չկային: Երկար տարան ու բերին հինգիս: Ուզում էին երեքսենյականոց տալ: Մենք պահանջ դրինք՝ գոնե ամեն մեկիս մի-մի սենյակ տվեք, կարենանք ընտանիք կազմել: Չհամաձայնեցին, դատ բացվեց: Մենք դատարան չէինք գնում: Դատարանն էր գալիս մեր տուն, նիստ անում (դատավորը կին էր՝ Խաչատրյան), որոշեցին մեզ մեկական սենյակ տալ եւ մենք դուրս չեկած՝ ութ հոգանոց մի բրիգադ ուղարկեցին՝ տունը քանդելու։ Էլ չնայեցին՝ խրուստալները ջարդեցին, նկարները գցեցին։ Եղան մարդիկ, որ խորհուրդ տվեցին՝ տղամարդիկ թող տանը չլինեն, չեն դիմանա, կկռվեն, կբռնվեն: Օրերով ես ու եղբայրս թաքնված ենք եղել ընկերների տներում: Քանդող բրիգադը մեզ ժամանակ տվեց՝ մինչև 1978-ի նոյեմբեր: Ձմռանը մեջը չլինենք: Թողեցինք տունը, մեր սեփական տունը:

Մեր հոր ստեղծած տան քանդվելը քարուքանդ արեց մեզի, շատ ազդեց մեզ վրա, ստիպեց թողնել Հայաստանը: Տան քանդվելը՝ մեկ պատճառ: Ուզում էին գործ սարքել եւ երեք եղբայրներիս բռնել, որ դեմ էինք տան քանդելուն. սա էլ մի պատճառ: Ինչու՞ քանդեցիք: Աշխատանքից գալիս էինք հոգնած՝ ձեզնից տուն չէինք ուզում, մենք մերը ունեինք: Քանդեցին ու առիթ տվեցին:

Սովետը դիկտատուրայի երկիր էր՝ կրոնը անտեսած: Հարևաններից մեկը «Սովետական Հայաստան» թերթով՝ վրան Ստալինի նկարը, մի բան փաթաթեց ու գնաց: Մյուս հարևանը հայտնեց թաղայինին, դրան բռնեցին՝ ինչի՞ էդ թերթով բան փաթաթեցիր: Ահա այսպիսի բաներից մարդիկ շատ են հիասթափվել:

Ես այստեղ (ԱՄՆ-ում) լավ աշխատանքներ եմ ունեցել, անգամ այստեղից օգնել եմ Հայաստանի որբերին ու ծերերին՝ որպես բարերարություն, բայց դուրս գալուս ժամանակ ինձի դավաճան էին կոչում:

Հարևաններից մեկը «Սովետական Հայաստան» թերթով՝ վրան Ստալինի նկարը, մի բան փաթաթեց ու գնաց: Մյուս հարևանը հայտնեց թաղայինին, դրան բռնեցին՝ ինչի՞ էդ թերթով բան փաթաթեցիր: