Ներգաղթել է 1947 թվականին Աթենքից

Թագուհի Գյումուշյան

ՄԵՆՔ ՍՈՎԵՏԻ ՍԻՍՏԵՄԻ ՄԱՐԴ ՉԷԻՆՔ

Թագուհի Գյումուշյանը յոթ տարեկան էր, երբ Սովետական Հայաստանի պատվիրակները եկան Հունաստան: Ոգեւորված նրանց գաղափարախոսությամբ ու հայրենասիրական կոչերով՝ Թագուհու կնքահայրը`ռամկավար-ազատական կուսակցության ադամ Լեւոն Քարդալյանը, սկսում է համոզել մարդկանց, որ Հայրենիք գնան։ 

Քաղաքի հոգեւորականն, ում ուսերին նույնպես դրված էր հայրենադարձություն քարոզելու պարտականությունն, արդեն եղել էր Հայաստանում, տեսել երկրի իրական վիճակը։ Նա չէր հորդորում անպայման գնալ։

«Մեր տեր հայրը երբ տեսնում է, որ սա (Լեւոն Քարդալյանը) շատ է ոգեւորում ժողովրդին, ասում է, Լեւոն, դու ասա, թող ցանկացողները գնան, զոռով մի տար: Նա էլ անպատվում է տեր հորը, թե դու ոնց ես նման բան ասում, դա մեր Հայրենիքն է, պետք է գնանք: Ես նույնսիկ իմ ծնողներին եմ թողնում, որ փոխարենը երկու երիտասարդ տանեմ, որ շենացնեն մեր Հայրենիքը: Տեր հայրն էլ ասում է՝ որ այդքան հայրենասեր ես, առաջին նավով դու էլ գնա, էդ ժողովրդին էլ հետդ տար». պատմում է Թագուհին: 

Մեկ տարի անց հոկտեմբերին հայրենադարձվում է նաեւ Թագուհու ընտանիքը: «Չուկոտկա» նավի վրա, երբ դեռ Աթենքում էին, մայրը ծննդաբերում է։ 

«Տախտակամածի վրա էինք տեղավորված: Անձրեւ էր գալիս: Մի խցիկ գտանք, մտանք մեջը, որ մամաս ծննդաբերի: Ամբողջ օրը սկաուտները մամայիս ուտելիք էին բերում, ծաղիկներ». հիշում է նա: 

Բոլոր ուղեւորներին ուտելիք ունեին իրենց հետ, սակայն Բաթումիում հրահանգվում է ամբողջը ծովը նետել: Այնտեղ մնում են մեկ շաբաթ: Որպես սնունդ նրանց տրվում է սեւ հաց, որի մեջ անգամ մանր քարեր ու ապակու կտորներ կային: 

«Հայրենադարձները, որ նավից իջան հասկացան, թե ուր են ընկել: Ժողովրդին ընդհանուր բաղնիք էին տանում, մեր գլխին իբր ոջիլի դեմ ինչ-որ դեղեր էին դնում, բայց մենք ոչինչ չունեինք, հետո Հայաստանում ունեցանք»։ 

Թագուհու մայրն արկղերով սնունդ էր ուղարկել Հայաստան, որով նրանք ապրել են առաջին 2-3 ամիսը։ «Մամաս մեծ արկղերի մեջ զեյթուն, չոր հաց ու շատ ուրիշ ուտելիքներ էր դրել՝ հորիցս գաղտնի: Երբ արկղերը բացեցինք, տեսանք՝ մակարոնների ծայրերը խոնավությունից կանաչել են: Մամաս թափեց դրանք բակում: Մեկ էլ տեսնենք՝ ղալմաղալ…, հարեւան կանայք մազ են պոկում, թափվել են էդ մակարոնների վրա` իրարից խլում են: Մամաս ասեց` վա՜յ, էստեղ սով ա….». հիշում է Թագուհին: 

Հայաստանում նրանց տեղավորում են «Առաջին մաս» կոչվող բանվորական թաղամասում (ներկայում՝ Երեւանի Շենգավիթ համայնք): Սեփական գործը Հունաստանում թողած հայրը՝ Հայրենիքում ստիպված բանվորություն է անում: 

«Կիսատ-պռատ մի տուն սարքեցինք: Երբ դուրս էինք գալիս, թաղային լիազորը պատուհանի տակ նստած էր։ Մեր խոսակցությունն էր լսում, որ գնա մատնի»։ 

1948-ին Թագուհին՝ թեեւ դպրոցահասակ, գնում է մանկապարտեզ, քանի որ այնտեղ երեխաներին կերակրում էին: Մյուս տարի արդեն սկսում է դպրոց հաճախել ։ «Մինչեւ հիսուն թիվը ես ոտաբոբիկ եմ գնացել դպրոց, գլաններս երկու անգամ վիրահատել են: Սոված ենք մնացել: Հայրս ծանր հիվանդացավ»: 

Դժվարությունների մասին պատմելիս՝ նա չի մոռանում նաեւ հոգատար հարեւաններին եւ տեղացիների հյուրասիրությունը։

«Լավ հարեւաններ էլ ունեինք: Երբ պապաս տանում էր մեր իրերը սեւ շուկայում վաճառելու, հարեւանները՝ մորս ասում էին՝ Վարվառա, մի տուր, էդ բոլորը հետո չես գտնի: Մամաս պատասխանում էր՝ կաշխատենք, էլի կլինի: Բայց երբ նոր էինք եկել, մամաս օճառները շարել էր, որ գնար ջուր բերեր լողանայինք, բոլորը գողացել էին»։ 

Թագուհին գերազանց ավարտում է դպրոցը, բայց համալսարան ընդունվել այդպես էլ չի հաջողվում։ Փորձում է ուսուցչություն անել Վերին Ախտայի (Հրազդանի շրջան) գյուղերում, բայց հանդիպում է արգելքի. «Ասում էին՝ էդ օրենքը վերացել ա, որ միջնակարգ ավարտածը գյուղում կարող ա դաս տալ»:

1986-ին «Իզվեստիա» թերթի դեկտեմբերի 8-ի համարում հայտարարություն է հրապարակվում, թե ցանկացողները մեկ ամսում կարող են գնալ արտասահման։ «-Երեւի ախպարները շատ էին բողոքել,-ծիծաղում է Թագուհին։-Մենք ուզում էինք գնալ, տեսնել մեր հարազատներին: Մենք արդեն հայրենադարձ էինք, մենք Սովետի սիստեմի մարդ չէինք: Հետո էլ անընդհատ մեր մեջ վախ կար, որ ամեն րոպե կարող են Սիբիր քշել»:

Անի Դուզդաբանյան

Հայրենադարձները, որ նավից իջան հասկացան, թե ուր են ընկել: Ժողովրդին ընդհանուր բաղնիք էին տանում, մեր գլխին իբր ոջիլի դեմ ինչ-որ դեղեր էին դնում, բայց մենք ոչինչ չունեինք, հետո Հայաստանում ունեցանք: