1921-36


ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՓ

Հայաստանի Սովետական Հանրապետությունը, որը հայոց Հայրենիքի ընդամենը 10-րդ մասն էր եւ աշխարհով մեկ ցրված հայերից շատերի ծննդավայր-բնօրրանը չէր, որպես պետական կազմավորում ձգում էր հայության՝ Ցեղասպանությունից մի կերպ փրկված հատվածներին։

Առաջին աշխարհամարտը նոր էր ավարտվել։ Դրանում ներքաշված բոլոր երկրներն այս կամ այն չափով ապրում էին հետպատերազմական ժամանակաշրջանին հատուկ տագնապներ։ Այդ պայմաններում հայ գաղթականների համար գրեթե անհնարին էր օտարության մեջ հանգիստ կյանք գտնելը, աշխատանք եւ սնունդ հայթայթելը։ Դա են վկայում Հայաստանի ազգային արխիվում պահպանվող բազմաթիվ նամակները, որոնց հեղինակները ներգաղթը համարում են «միակ եւ գլխավորագույն սպեղանի», որը հնարավորություն պիտի տա «բազմաթիվ շինարար բանվոր բազուկներու գործ հայթայթելու ի փոխարեն նույնիսկ չոր հացի մը»։։

Օտար երկրներում ժամանակավոր ապաստան գտած, սոցիալական, տնտեսական ու քաղաքական բազմաթիվ դժվարություններ դիմագրավող տարագիրների համար Խորհրդային Հայաստանը դիտվում էր որպես փրկության ափ, մի վայր, որտեղ կարելի էր գտնել ֆիզիկական ապահովություն եւ կյանքը վերսկսելու նվազագույն հնարավորություն։ Դիմելով Հայաստանի այդ ժամանակվա ղեկավարներին հայ գաղթականները ներգաղթ էին պահանջում, բացատրելով, որ միայն այդ դեպքում կփրկվեն «ստույգ ու իրական մահեն, որ է սով ու զուլում ներկա պարագաներուն տակ»։

Հայաստանն ինքն էր աննպաստ տնտեսական եւ սոցիալական պայմաններում, սովի ու հիվանդությունների մեջ, բայց չէր կարող մերժել ջարդի ու հալածանքի զոհ դարձած հայրենակիցներին։ Խորհրդային Հայաստանը նաեւ կարիք ուներ ապացուցելու, որ Արարատի փեշերին է հայության միակ հանգրվանը եւ, չնայած բոլոր դժվարություններին՝ ներգաղթն իրականություն դարձավ։

1921-36 թվականներին Միջագետքից, Թուրքիայից, Իրանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բուլղարիայից Հայաստան տեղափոխվեց 42 հազար մարդ։