Ներգաղթել է 1947-ին Ֆրանսիայից

Ալեն Փիրյան

Հայաստան ներգաղթելիս հայրս գիտեր, որ երկիրը պատերազմից նոր է դուրս եկել, եւ ամեն ինչ երկու կոնտեյներների մեջ լցրել, Հայաստան էր տարել, որ տուն կառուցեր։ Եւ էդ տունն էր, որ վերջը մեզ դժբախտություն բերեց։ Ուրեմն, Երեւանում տպարանի հետեւը հողամաս ունեցավ հայրս եւ երեք հարկանի տուն պիտի կառուցեր։ 

Ես փոքր էի, ինձ ռուսական մանկապարտեզ էին դրել՝ ասելով, թե ավելի լավ է ռուսերեն սովորեմ, հայերենը, ոնց էլ լինի՝ կսովորեմ, իսկ ռուսերենով ավելի օգուտ ինձ կտեսնվի։ 

Աբովյան փողոցի վրա մի հիվանդանոց կար, դրանց կեսնկուղային հարկի վերջերն էինք ապրում: 1949-ին, կարծեմ՝ հունիս ամսվա կողմերն էր: Դուռը խփեցին, զարթնեցինք բոլորս, եւ՝ զարմանալի մի պատկեր. զինվորներ, մի սպա՝ զենքերով, բաց արած շտիկերով (սվիններով,-խմբ. )։ Ասացին, թե դրությունը սահմանի վրա շատ վատ է, պետք է անպայման մեզ տեղափոխեն: Ինչ որ կարող եք՝ վերցրեք ձեզ հետ, ասացին: 

Ուրեմն, հավաքեցին մեզ, մի գռուզավիկի (բեռնատար ավտոմեքենա) մեջ դրեցին, որում ուրիշ ընտանիքներ էլ կային, ու Ամիրյանով սկսանք իջնել։ Ամեն կողմից գռուզավիկները՝ լիքը մարդկանցով, ընտանիքներով, շարժվեցին կայարանի կողմը։ Մեզ դրեցին տավառնի (բեռնատար) վագոնների մեջը, որ մեջտեղից կտրված, երկու հարկ էին սարքված: 

Էդ շոգին ու արևին երեք-չորս օր մնացինք մեջը՝ մինչեւ գնացքը ճամփա ընկավ։ Դռները բաց էին, բայց երկու զինվոր զենքերով կանգնած էին, իսկ վագոնների մեջ երկու հարկի վրա հիսուն-վաթսուն հոգի կար՝ երեխեքով-բանով։ Ուտելիք չկար, խմելու ջուր չկար։ Եթե կայարաններում կանգնում էր գնացքը, ջուր էինք վերցնում, դրամ ունեցողը ուտելիք էր վերցնում, վերջը բոլորին բաժնում էր։ 

Ես հինգ տարեկան էի։ Խաղում էի եւ չէի զգում, բայց ծնողներիս համար, կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակ էր։ Տասնյոթ օր տեւեց մեր ճամփորդությունը։ Հասանք մի տեղ, նորից գռուզավիկի մեջ դրեցին ու տարան, իջեցրին հսկայական անտառի մեջ, որտեղ չորս-հինգ բարաք կար։ Մեզ թափեցին մեջը։ Բարաք եմ ասում՝ երկար շենք է էսպես, մեջտեղը կարիդոր (միջանցք) ու սենյակներ։ Ամեն ընտանիք իր սենյակը ուներ։ Սենյակի մեջտեղը աղյուսից ռուսական փեջ (վառարան) կար։ 

Ուրեմն, հայրս ստիպված էր գնալ, ծառ կտրել։ Ինը ամիս ծառ էին կտրում, իսկ հուլիսին, երբ որ Օբ գետը սառույցներից ազատվում էր, այդ բոլոր ծառերը սպլավ էին անում (գետի հոսանքով ուղարկում էին): Ծնողներիս համար շատ դժվար էր։ Շա՛տ, շա՛տ դժվար էր, իմ կարծիքով։ Երեխաներիս համար դժվարությունները շատ չէին, որովհետեւ դպրոց գնալ չկար։ Չէին կարողանում տաքացնել մեզ՝ դուրս էին դնում, մենք էլ ուրախ էինք, որովհետեւ կարող էինք խաղալ։ 

Ինչպե՛ս դպրոց գնացի, դա էլ պատմություն է. իմ տարիքի ոչ մի երեխա չկար, ավելի փոքրիկ էին։ Ուսուցչուհին գալիս էր, մորս ասում էր՝ ավելի լավ է Ալենը դպրոց գա, քան թե փոքր երեխաների հետ տանը մնա։ Եվ հինգ տարեկանից ես դպրոցս սկսեցի. չէ՞ որ մանկապարտեզն էլ ռուսական էի գնացել, որոշ հեշտություն ունեի։ Մեկ տարի մնացինք, վերջը նորից մեզ գռուզավիկների մեջ լցրեցին ու տարան մի ուրիշ տեղ։

Այդտեղ հայրս հանդիպում է մի նախկին ռազմագերի սպայի, որի հետ միասին ծառ էին կտրում: Սա ասում է՝ Փիրյան, ո՞նց է պատահել, որ դու այստեղ ես։ Դու քո կյանքը պատմեցիր, զավակ ես տվել Ֆրանսիային։ Ֆրանսիան սովետների հետ էր գերմանացիների դեմ կռվում, ինչպե՞ս է եղել, որ դու այստեղ ես, չեմ հասկանում. ես գերի եմ ընկել, դրա համար ինձ ուղարկել են Սիբիր, բայց դու՞ք։ Թույլ կտա՞ս՝ ես մի նամակ գրեմ: Սպան նամակը գրում է։ 

Ուրեմն, երկու տարի է անցնում, եւ մի նամակ ենք ստանում, թե՝ ձեր հարցով զբաղվում ենք։ Վերջը մի ուրիշ գյուղ գնացինք. ես հիմա ինտերնետի վրա գտա՝ Տյագունն է, Ալտայսկի կրայ (երկրամաս)։ Դահուկներով 7 կմ քշում էի դեպի դպրոց, 7 կմ՝ վերադառնում: Ջերմաստիճանը -52˚C էր: Սարսափելի բան էր, բայց դիմացա. եթե ձեռքերից եւ ոտքերից զգույշ լինես, քիթդ, ականջներդ լավ փակես, մնացածը ոչ մի բան չի լինի։ Դե, երեխա էինք խաղում էինք, արյունը տաքանում էր, եւ չէինք զգում, էլի՛։ 

Հետո հորս կանչեցին Նովոսիբիրսկ։ Գնաց, ասացին, թե մեծ սխալ է եղել, դուք այստեղ չպետք է լինեիք: 1952-ին էր, եւ Ստալինը դեռ ողջ էր, վերադարձանք։ Երեւանի կայարանում գնացքից երբ որ իջանք, անմիջապես թուղթեր ուզեցին՝ եկեք մեզ հետ: Գնացինք կայարանի իրենց բաժինը, ու էսօրվա պես հիշում եմ, սպան, որ ձեռքն էր թուղթը, ասում է՝ նայեք այս չորս անձերին, Սովետական Միության ամենամաքուր մարդիկն են, նրանց ոտքերի եղունգից մինչեւ գլխի մազը ամեն ինչը ստուգել ենք։ 

Բայց Երեւանում արդեն տուն էլ չունեցանք։ Վերջը իմացանք պատմությունը։ ԷնԿաՎեԴե-ի մի պադպալկովնիկ (ներքին գործերի կոմիտեի փոխգնդապետ.) մեր տունը հավանել էր ու դասավորել, որ մեզ աքսորեն։ Մեզ հողամաս տվեցին Ջրաշատ փողոցում, վերջը կրեդիտով փող էլ տվեցին, եւ հայրս նորից սկսեց տուն կառուցել։

Ռուսական դպրոց ավարտեցի: Պոլիտեխնիկի ճարտարապետականը ընդունվեցի։ Երեկոյան էինք դասի գնում, իսկ օրվա մեջ աշխատում էինք։ 

1965-ին, թղթերը ստացանք, վիզաները ստացանք եւ եկանք Ֆրանսիա։

Ես այստեղ դժվարություն չունեցա, ճիշտն ասած, որովհետեւ երբ որ եկանք, ես քսանվեց տարեկան էի։ Ֆրանսերեն չգիտեի, երկու ամիս դաս էի վերցրել, կարդում էի, հեռուստացույց էի նայում, կինո էի գնում։ Բայց պետք է սկսեի աշխատել։ Մարսելում իմ դվայուրոդնի սիստրայիս հետ (զարմուհի) գնացի գործ գտնելու։ Առաջին դուռը, որ խփեցինք, ճարտարապետ էր, ասաց՝ հետաքրքիր է, ես քեզ կվերցնեմ։ Այդտեղ էր, որ սկսեցի ֆրանսերեն խոսել՝ ստիպված։ Հաջորդ ամիսը իմ աշխատավարձը կրկնապատիկը տվեց եւ բավական բարդ գործ հանձնարարեց։ 

Ես Հայաստանի դիպլոմը չունեի, քանի որ թողեցի, եկա, բայց բոլոր իմ թուղթերը, աշխատանքները ֆրանսիական հյուպատոսարանում լեգալիզացիա արեցին (օրինականացրին): Ֆրանսիայում այն ժամանակ ո՛չ գերմանական դիպլոմն էր անցնում, ո՛չ ամերիկյանը, ո՛չ բելգիականը, բայց հայկականը՝ Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի դիպլոմը, անցնում էր։ Վերջը ներկայացրի դիպլոմային աշխատանք եւ ֆրանսիական ճարտարապետի դիպլոմ ունեցա։

Հայաստան առաջին անգամ տասներեք տարի հետո գնացի՝ 1978-ին: Բավական փոխված գտա, ընկերներիս գտա՝ ամենակարեւորը։

...Տյագունն է, Ալտայսկի կրայ (երկրամաս)։ Դահուկներով 7 կմ քշում էի դեպի դպրոց, 7 կմ՝ վերադառնում: