Ներգաղթել է 1946 թվականին Հալեպից / Ապրում է Երեւանում

Անահիտ Պողիկյան

Երկրորդ համաշխարհային պատերազմը նոր էր վերջացել, լուր եկավ, թե  Մոսկվան թույլատրել է հայերի հայրենադարձությունը: Հալեպում, որտեղ մոտ կես միլիոն հայ կար, ժողովուրդն իրարանցման մեջ էր: Բոլորս դիմում էինք՝ մեզ էլ թույլ տվեք, մեր հերթն է: Պատրաստությունները վեց-յոթ ամիս տևեցին: Այդ ընթացքում մեկը-մյուսի հետևից պատվիրակներ էին գալիս, որոնք  Հայաստանի մասին պատմում էին , թե՝ եկե՛ք, կյանքը այնտեղ շատ լավ է: 

Տեղի հայկական կուսակցություններից մեկն սկսեց հակառակ բաներն ասել՝ հիմա ժամանակը չէ, մի՛ շտապեք, հայրենիքը դեռ նոր է պատերազմից դուրս եկել , ծանր վիճակ է այնտեղ: Բայց լսող չկար, եւ 1946-ի ապրիլից արդեն ընտանիքները հերթով սկսեցին մեկնելու թույլտվություն ստանալ: Իրերը հավաքում-պատրաստում էին։ Տներում «բարով գնաք հայրենիք» խնջույքներ էին լինում՝ հարսանիքների՛ նման: Հունիսին կարավանները սկսեցին մեկնել:

Ես հենց նրանցից էի, ովքեր խենթի նման էին դարձել՝ հայրենի՛ք պիտի գնամ: Նույնիսկ առողջությունս էր խանգարվել: Մայրս մեր բարեկամ բժշկի մոտ տարավ, նա էլ ասաց՝ աղջիկդ ոչ մի բան չունի, Հայաստանին է սիրահարվել: Եգիպտոսում ապրող մեծահարուստ հորաքույրներս  միշտ գրում էին՝ եղբա՛յր, մի՛ք շտապի: Դրա նախորդ տարին միլիոնատեր, զավակ չունեցող հորաքույրս՝ Սաթենիկ Երջանյանը, անձամբ էր եկել Հալեպ, եւ ինձ ասում էր՝ աղջի՛կս, քոլեջդ ավարտիր, նոր: Ես սովորում էի Ամերիկյան քոլեջում, իսկ եղբայրս՝ Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: 

(Մայրս Էրզրումի ծնունդ էր, հայրս Խարբերդից էր: Ես ծնվել եմ Ալեքսանդրեթի Սանջաքում, յոթ տարի ապրել ենք այնտեղ, 1939-ին գնացել Հալեպ): 

Մի օր ես եւ ընկերուհիս գնացինք  նշանավոր Բարոն օթել, այնտեղ էին լինում պատվիրակները: Խնդրեցինք, թե՝ «մեր թիվն էլ հանեք», որ մենք էլ մեկնենք Հայաստան: Երբ իմացավ, որ քոլեջը դեռ չեմ ավարտել, ասաց՝ աղջիկ ջան, լավ կլինի ավարտես՝ հետո: Չէ՛, որ չէ՛: Ես էլ էի խնդրում, ընկերուհիս էլ էր խնդրում:

Օգոստոս ամսին հանկարծ եկավ «մեր թիվը», այսինքն, Հայաստան մեկնելու թույլտվությունը: Հեռագրեցինք Մելքոնյան վարժարան, որպեսզի եղբայրս էլ մեզ միանար: Օգոստոսի երկրորդ կեսին մեր ծնողների և տատիկի հետ Հալեպից  դուրս եկանք յոթերորդ կարավանով: Ես այդ ժամանակ տասնութ տարեկան էի, եղբայրս՝ տասնյոթ, քույրս՝ ութ : 

1946-ին յոթ կարավան միայն Սիրիայից եւ Լիբանանից եկավ Հայաստան: Կարավանները Հալեպից մեկնում էին Լիբանան, Բեյրութից նավով  հասնում Բաթում:  «Ռոսիա»  շատ մեծ նավը եկավ մեզ տանելու: «Ռոսիան»  Գերմանիայից ավար էր տեղափոխում: Կարծեմ 7000 հոգի բարձրացավ նավ:

Երբ Բաթումին մոտեցանք, մեզ ասացին՝ ի՛նչ ուտելիք ունեք, բոլորը թափե՛ք: Նավը կանգնեց, պիտի երկար սպասեինք՝  իջնելու համար: Չգիտեմ, թե ինչքան սպասեցինք: Սեպտեմբեր ամիսն էր: Մեքոնյանցի նշանավոր Սնդրյանը նավի վրա երգչախումբ կազմակերպեց, երգում, պարում էինք, զբաղեցնում ժողովրդին:

Մեր հերթն էլ հասավ, իջանք: Անձրեւ: Տուն չկա, չորս կողմը վրաններ են: Ինչպես Բեյրութում, այստեղ էլ կարանտինի մեջ մնացինք: Ցեխ, անձրեւ, մենք՝ ծանր բագաժներով (բեռնարկղեր)։ Ոչինչ, հայրենի՛ք ենք գնում: Մեր իրերը՝ սունդուկ, անկողին և այլն, հանձնեցինք բեռնատար վագոններ, մենք էլ գնացք նստեցինք: Երբ մտանք Հայաստան, վագոններն անջատեցին. էս վագոնը՝ Լենինական,  էս վագոնը՝ Կիրովական … Մեզ բերեցին Երեւան: Արարատը տեսանք, բոլորս ծունկի իջանք , համբուրում էինք հողը:

Երեւանի կայարանում մեզ ծածկի տակ թողեցին՝ սպասե՛ք, ձեզ պիտի տանենք Կոտայքի շրջան, հեռու չէ: Մայրս ասում է՝ աղջկաս քոլեջից եմ հանել, բերել, տղայիս՝ Մելքոնյանից, մենք եկել ենք Հայաստան, որպեսզի նրանք շարունակեն ուսումը: Բանի տեղ չդրեցին: Մի բեռնատար մեքենա բերեցին, մեր ձեռքի եղածը լցրեցին մեջը եւ քշեցին: Մի գյուղ հասանք: Գյուղի ղեկավարնե՞րն էին, թե ով, նրանց ասացին՝ հայրենադարձներ ենք բերել, նրանք էլ, թե՝ տեղ չունենք: Ի վերջո, համոզվեցին, ասացին, լավ, էստեղ մի հատ գոմ կա… Ուրեմն, գոմից  ոչխարներին, գառներին, ուլերին դուրս հանեցին, որ մենք այնտեղ մնանք: Էստեղ մամաս չդիմացավ՝ էս ի՞նչ էք անում, ես համաձայնել եմ գալ, թեկուզ մի սենյակում ապրել, դուք ոչխարների էս կեղտոտ տե՞ղն եք մեզ տալիս: Սրանցից մեկն էլ, թե՝ բեռները բարձեք ու գնացեք էսինչ տեղը: 

Հոկտեմբեր էր, ու էնպես էլ ցուրտ էր էդ տարին: Ինձ, մորս, քրոջս ու տատիկիս մի փոքր ննջարան տվեցին, հորս ու եղբորս էլ՝ մի առանձին տեղ: Մեկ էլ գիշերը աղմուկ բարձրացավ՝ տարա՜ն-տարա՜ն, գողացա՛ն: Գնանք, տեսնենք՝ հայրիկիս մեծ ճամպրուկն էին գողացել: Բոլոր արժեքավոր իրերը դրա մեջ էին: Մնացել էին միայն մեր անկողինները: Էստեղ արդեն չդիմացա, ծնկներիս վրա ընկա` մի՞թե դու սա էիր, հայրենի՛ք: 

Մեր ազգականները վերջապես եկան, մեզ գտան եւ տարան իրենց տուն: Իրենք էլ շատվոր էին, մի կերպ տեղավորվեցինք նրանց փոքր տանը: Որդին էլ պատերազմից վիրավոր էր վերադարձել: 

Մայրիկս մի օր գնաց գաղթականության (ներգաղթ) կոմիտե, թե՝ մեզ թույլ տվեք այստեղ (Երեւանում) տեղավորվել, որ զավակներս ուսման գնան: Մեկ էլ, էնտեղի ղեկավարն ասաց` ես աղա, դու` աղա, բա մեր ջաղացն ո՞վ աղա: 

Ուրիշ բան չէինք ուզում հայրենիքում, ընդամենը՝ ուսումը շարունակել: Վերջը տարիներ առաջ Ամերիկայից ներգաղթած մի տիկին եկավ. շատ հաճելի կին էր, անգլերենի ուսուցչուհի՝ Տիկին Պետրոսյան , և ասաց, որ այսինչ տեղն է օտար եւ ռուսաց լեզուների ինստիտուտը, գնացե՛ք, ձեզ կընդունեն: 

Հաջորդ օրը եղբորս հետ գնացինք ինստիտուտ: Մի տարեց քարտուղար՝ հին հայրենադարձ, սկսեց մեզ հետ անգլերեն խոսել: Ասաց՝ դուք շատ գեղեցիկ եք խոսում հայերեն եւ անգլերեն, ես այնպես կանեմ, որ դուք ընդունվեք: Թելադրություն գրեցինք, երկուսս էլ՝ շատ լավ: Մեզ ընդունեցին, եւ մենք սկսեցինք մոռանալ մեր վատ օրերը: Դե երիտասարդ էինք…

Երևանի Արաբկիր թաղամասում էինք ապրում: Որտեղ հիմա ամերիկյան համալսարանն է, կողքը փոքր-փոքր տներ կային, այդտեղ սենյակ վարձեցինք. տանտերը վերեւում էր, ներքեւում կիսապադվալային (կիսանկուղ) մի սենյակի կողքին մի փոքր տեղ վարձեցինք: Հայրիկիս աշխատանք տվեցին. ապրանքագետ էր: Լեզուներ գիտեր՝ թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն: Սիրիայում նավերը որ գալիս էին, ինքն էր ընդունում ապրանքը: «Արմենիա» հյուրանոցի տեղում մի մեծ գաստրոնոմ խանութ կար, այնտեղ հսկիչ նշանակեցին: Դե ռուսերերն չգիտեր, արհեստ չուներ: 

Կամաց-կամաց դասավորվեցինք, մեզ վարկ տվեցին՝ տուն կառուցելու: Սկսեցինք առաջ գնալ, բոլոր դժվարություններին  համբերությամբ դիմացանք, աշխատեցինք, ավարտեցինք ինստիտուտը, ես՝ գերազանց: Իսկ մինչ  այդ  ամուսնացա:

Աքսո՞րը: Բարեբախտաբար, աքսորը մեր կողքով անցավ: Ամուսինս ինձանից  մի տարի հետո էր եկել Հայաստան, մենք Հնչակյան կուսակցության համակիր էինք, իսկ նրանք կոմունիստական էին համարվում: Ովքեր Դաշնակցության անդամ էին, մինչև Հայաստան գալը նրանց ասել էին՝ եթե հրաժարվեք կուսակցությունից, Հայաստանում ձեզ ոչ մի նեղություն չեն տա: Եվ շատ ընտանիքներ կային, որոնք էդպես էլ արեցին, բայց 1949-ին նրանց հավաքեցին, աքսորեցին: 

Մենք մեր հայրենիքի մասին լսեցինք պատերազմի ժամանակ՝ Սովետական Հայաստան կա, և նա հաղթող է: Երբ այստեղ ասում էի, որ բավական լավ էինք ապրում այնտեղ, պատասխանում էին` է, որ լավ էր՝ մնայիք, ինչու՞ եկաք: Ասում էի՝ «հայրենի՛ք» ասելով եկանք, իրենք վրա էին բերում՝ ի՞նչ հայրենիք, որտեղ հաց, էնտեղ կաց: Գիտե՞ք ինչ, հայրենասիրությունը զարմանալի բան է, եթե հայրենիքից հեռու է ծնվում հայը, խենթի նման սիրում է իր հայրենիքը: 

Կտրոնով առնվող մի կտոր սև հացի համար հերթ էինք կանգնում: Մեր տղաներից մի քանիսը չդիմացան եւ փորձեցին փախչել, սահմանն անցնել: Ես լավատես էի՝ ոչինչ, մեր հայրենիքն է, նոր է պատերազմից դուրս եկել, տղամարդիկ չկան, մահացել են, գնացել են, իսկ մենք գոնե մեր աշխատանքով օգնենք: Շատ լավ արհեստավորներ էլ եկան, էլի օգնում էին: Ես բարձրագույն կրթություն ստացա, ամուսինս արհեստավոր մնաց. ասում էր՝ մեկը մեզ պե՞տք է պահի, թե չէ: Բայց սկսվեց խտրականությունը պետության կողմից, սխալ բաներ շատ արեցին:

Իսկ հետ գնալու պատմությունը շատ ուշ սկսվեց. ո՞վ կհամարձակվեր: Ովքեր փորձում էին՝ բռնում էին: Ովքեր այդ մասին խոսում էին՝ բռնում էին: 

Բայց հիմա մի բան ասեմ, ես այն բախտավորներից եմ, որ ապրեցի երկար եւ տեսնում եմ այսօրը: Մենք արդեն հետդարձի ճանապարհ չունենք, խելացի ենք հիմա, եւ անկախ  Հայաստանը պիտի հարատեւի: Մի քիչ երեսառած տեգր ունեի, մեծահարուստի աղջկա հետ էր ամուսնացել, նա առաջիններից էր, որ ուզեց գնալ եւ գնաց: Տղան էլ էստեղ սպորտի մեջ շատ աչքի էր ընկել: Մենք մի քանի տարուց գնացինք, տեսնենք՝ ի՛նչ են, ի՛նչ չեն: Ոչ մեկ բանի չէր հասել: Իհարկե, ոմանք կարողացան դիմանալ ու դիմադրել: 

Միշտ էլ մենք՝ հայերս, սխալվում ենք, զղջում ենք, փորձում ենք ուղղել մեր սխալը: Բայց այլեւս սխալվելու իրավունք չունենք: Բավական ճանաչված ժողովուրդ ենք: Անցյալում  մեզ ո՞վ էր ճանաչում, բայց հիմա կարծես ամբողջ աշխարհը անընդհատ՝ Հայաստան, Հայաստան...

Երբ այստեղ ասում էի, որ բավական լավ էինք ապրում այնտեղ, պատասխանում էին` է, որ լավ էր՝ մնայիք, ինչու՞ եկաք: