Ներգաղթել է 1947 թվականին Սիրիայից / Ապրում է Երեւանում

Լուսիկ Ղուրջյան

Գյուղում էինք ապրում: 1946 թվականին, երբ ներգաղթը սկսվեց, գյուղը խլրտվեց՝ գնում ենք հայրենիք, գնու՛մ ենք: Ու մենք էլ ցուցակագրվեցինք:

Եղիշե Աստվածատուրյան կար՝ Հայաստանի մեծամեծներից էր, մտնում է գյուղ իրիկնամուտին, տեսնում է՝ հեռվից հոտը գալիս է. հարյուրավոր ոչխարներ, նախիրն է գալիս եւ ձիերն են գալիս։ Էս մարդը կանգնում, նայում-նայում, հիանում է: Մտածում է՝ ոնց անեմ, որ էս ժողովրդին հետ պահեմ: Հորս ու մի քանի հոգու կանչում է, որ համոզի: Սրանք ըմբոստանում են՝ չէ՛, որ`չէ՛. հայրենքի ճանապարհը բացվել է՝ մենք պիտի գնանք:

Բայց իրենց ունեցվածքը չեն կարողանում վաճառել: Կողքները ամբողջ քրդեր էին՝ վրանաբնակ ժողովուրդ. ինչու՞ փող տային, առնեին, եթե ձրի էր մնալու իրենց: Ոմանք կարողանում են իրենց ապրանքը տանել Հասիչլի կամ Ղամիշլի եւ վաճառել: 

Միայն մենք քաղաքում՝ Ղամիշիլիում, տուն ունեինք: Մեծ տուն էր: Հայրս շատ սիրում էր կարդալ, շատ գրքեր ուներ: Երեխաներս վարժուհի ունեինք՝ օրիորդ Նոյեմին: Իսկ տիկին Նվարդը մամային էր օգնում: Դե մաման քոչվորներից էր եկել, տառաճանաչ չէր, մամային էլ էին լեզու սովորեցնում: 

Եղբայրս Հալեպից եկավ եւ 1947-ին բոլորս միասին հայրենիքի ճամփան բռնեցինք: 

Լիբանանում տասնհինգ օր կարանտինայում պահեցին: Նավը չկար, սպասում էինք: Հորս ազգականուհին ասում է՝ Աբրահա՛մ, տղա՛ս, էսքան հարստությունդ թափել՝ գնում ես, բայց էնտեղից մարդիկ են եկել, լավ բան չեն ասում, արի քեզ տանեմ մոտները: Նոր վերադարձած մի հատ հայտնի մարդ կար՝ Չարչօղլյան, հորս տանում են դրա մոտ: Ասում է՝ եթե տասը տարվա ուտելիք, հագնելիք ունեք, գնացեք: Պապաս ասում է՝ ունենք, եւ ես աշխատասեր մարդ եմ, կաշխատենք` կապրենք: Մենք ունեինք կոմբայն, կալսիչ։ Հայրս հույս ուներ, որ էստեղ հաստատվելուց հետո, կգնար, կբերեր:

Լիբանանում հորս տանում են մի ուրիշ տղայի մոտ. էդ երիտասարդը, որը փախել էր Հայաստանից, իր մոտի սեւ հացն է ցույց տալիս, սեւ օճառն է ցույց տալիս, իրա հագի տելոգրեյկան (բամբակե բաճկոն) է ցույց տալիս: Պապաս մտածում է` սրիկա դաշնակցականի մեկն է սա, պորտաբույծի մեկը. չի ուզեցել աշխատել, փախել-եկել է… 

Ու նստեցինք նավ`չորրորդ կարավանով: «Պոբեդա» նավն էր: Սիրիայից եւ Լիբանանից եկած ընտանիքները միացան Եգիպտոսում նավ բարձրացածներին: Պշերիկցիներ էլ կային. քրդախոս հայեր՝ Սասնա Պշերիկ գյուղից: 

Նավի վրա հայրիկս եկավ, թե`Դարդանելով ենք անցնում, բոլորիս հավաքեց, տարավ նավի վերեւի մասը: Բալկոններում կանգնած` բոլորը ուրախանում էին.

Ա՛յ քարավան, ջա՛ն քարավան, քշի՛ր քո ճամփան. 
Անապատէն հայեր կ'երթան դէպ Հայաստան… 

Բաթումում տեսանք, որ «Ռոսիա» նավն էր կանգնած, իսկ ջրի երեսին ամբողջ՝ նարինջ, բանան, բուլկեղեն, կոնֆետեղեն… Պարզվեց՝ կարանտինա էր, խուզարկում էին`հանկարծ հիվանդություն կտանեք Հայաստան: Ու բոլորի ձեռքից առնում, թափում էին ուտելիքը: Վերջը «Ռոսիան» դատարկվեց, հերթը եկավ մեզ:

Քրդախոսները ապստամբեցին, է՛, սրանք ամբողջը լավ ոսկեղեն ունեին, լավ զինված էին: Սիրիայի հայերը իջան, Լիբանանի հայերը իջան, մենք մնացինք: Ղամիշլիի կողմից եկած ժողովուրդը մնաց, որովհետեւ ապստամբեցին դրանք: Ասացին` չենք իջնի նավից: Էդ ժամանակ ասացին, իբրեւ թե Միկոյանին են հեռագրել, Միկոյանը միջնորդել է, որ՝ էդ ժողովրդին չստուգեք: Եւ մենք չստուգվեցինք: Ովքեր ունեին ոսկի-մոսկի եւ այլն, կարողացան անցկացնել: 

Հարյուրից ավելի ընտանիքների Հայաստանի տարբեր շրջանները բաժանեցին: Իրենք՝ դաշտային ժողովուրդ. ստեղ լեռներում ի՞նչ պիտի անեին. Արթիկ, Սիսիան, Գորիս, Դիլիջան: 

Մեր գյուղացի Փառունակի հետ միասին մեզ ուղարկեցին Դիլիջան: Նա երկու նժույգ էր հետը բերել: Նվիրեց Հայաստանին: Դիլիջանում աշխատանք չկար: Եղբորս առաջարկեցին գոմերը մաքրել, հայրս էլ հարեւան հայրենադարձ մարդկանց հետ հունվար-փետրվար ամիսներին փոս էր փորում, որ գարնանը ծառ տնկեն: 

Հայրս երկու անգամ գնաց Կենտկոմ՝ Գրիգոր Հարությունյանի մոտ, որպեսզի եկածներին տեղափոխեն Արարատյան դաշտ՝ ես ժողովրդին հավաքել, բերել եմ, նրանց ցիրուցան եք արել լեռները. էդ մարդիկ դաշտային ժողովուրդ են, չեն կարող ապրել լեռներում: Մի քանի ամիս հետո Դիլիջանում ապրող հայրենադարձների տասնհինգ-քսան ընտանիքներին բոլորին հավաքեցին, բերեցին Մեհմանդար գյուղը, հիմա՝ Հովտաշեն, բայց հայրս արդեն չկար:

Ամռանը հայրս գնացել էր Ղազախ` գերանդիով հունձք անելու: Ցորեն հնձեց, եղբայրս գնաց, բերեց պարկերով ցորենը, եւ մենք հորս մահվանից հետո մի քանի տարի դրանով ապրեցինք: 

Հայրս հայրենիքը կարողացավ վայելել միայն ութ ամիս: Ղազախից վերադարձել, մտել էր դեղատուն, լուծողական էր ուզել՝ անգլիական աղ տվե՛ք ինձ: Մի հաբ էին տվել, խմել էր, մի ժամվա մեջը աղիքները սեւացել էին: Վիրահատելուց հետո ասել էին, թե երեք օրից լավ կլինի: Չորրո՞րդ, թե հինգերորդ օրը հայրս մահացավ: Ի՛նչն էր պատճառը՝ մենք չիմացանք: 

Մայրս տեղափոխվեց Երեւան՝ վեց երեխաների հետ: Արաբկիրում վարձով էինք ապրում: Նկուղային հարկ էր, կողքը գոմ կար: Տան միջանցքի մի կողմով դեպի գոմ էիր գնում, մյուսով՝ մեր սենյակ: Հետո մաման տուն առավ: Էս տերիտորիան անմարդաբնակ էր: Մի աղբյուր կար, Էդտեղից էինք ջուրը բերում: Հիսունական թվականներին մեզ մոտ որ ջուր անցկացրեցին, գերմանացի գերիներ էին աշխատում: 

Հայրենադարձները շատ մեծ հարստություն բերեցին Հայաստան: Ոմանք՝ կոշիկի գործարաններ, ոմանք տպարաններ բերեցին իրենց հետ: Օրինակ, կոշիկի «Հայրենիք» արտել կար, դա բուլղարահայ հայրենադարձ Գաբրիելյան եղբայրները հիմնեցին, «Դոբել» մեքենաներ էին բերել: 1953-1954 թվերին ես այնտեղ աշխատել եմ: Հետո նրանցից ամենը բռնագրավեցին, եւ նրանք սովորական բանվոր դարձան: 

Մարդիկ Ֆրանսիայից էին եկել, Հունաստանից էին եկել, Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից, Ամերիկայից… Բոլորն իրենց մշակույթն էլ բերեցին, իրենց ունեցվածքն էլ: Բայց հայրենադարձներին ճիշտ չընդունեցին այստեղ, խտրականությունը շատ մեծ էր: Նրանք էլ չմերվեցին: Ի՞նչ մերվես, մեկ էլ ասում էին՝ ախպար է, բայց լավ տղա է, ախպարի աղջիկ է, բայց լավ աղջիկ է: 

Մեր նիստուկացը իրար չէր համապատասխանում, միայն ազգայինն էր, որ մեզ պետք է միացներ, էն էլ սրանց (տեղացիների) մոտ ազգայինը էնքան մեռած էր, որ ոչ ոք նույնիսկ չէր կարող ո՛չ երգել, ո՛չ բան: 

Մեկ էլ սկսեցին աքսորել: Մեզ հարեւան Սերոբյան կար, դերձակ էր ինքը: 1949 թիվն էր, մի առավոտ արթնացանք, իմացանք, որ նրան աքսորել են: 

Հարեւանի տղային հարսանիքին խնդրում են Անդրանիկի մասին երգ երգել. իր անունն էլ Անդրանիկ էր, բաթումեցի էր: Սկսում է երգել՝ Ինչպես արծիվ սավառնում ես… Երգը չվերջացրած՝ ներս են մտնում, դուրս հրավիրում էդ երիտասարդին: Էդ գնալն էր, որ գնաց` տասը տարի: 

Եղբայրս քոլեջում էր սովորում, «գրականություն» ուներ: Մի օր գիշերը մամաս մեզ կը քնացնի, էդ ամբողջ գրականությունը կը դնի, կը վառի: Պապաս երգարաններ ուներ, դրանք էլ կը վառի: 

Ես հիմա հետ գնացողներին չեմ մեղադրում: Ինչու՞ չպիտի գնային: Անարդարություն էր, հեռանկար չէին տեսնում: Իմ չորս եղբայրներս էլ գնացել են: 

Ա՛յ քարավան, ջա՛ն քարավան, քշի՛ր քո ճամփան. Անապատէն հայեր կ'երթան դէպ Հայաստան…