գրականագետ, «Բագին» գրական հանդեսի նախկին խմբագիր

Պողոս Սնապյան

Պատերազմը երբ որ վերջացավ, ես Երուսաղեմ էի այն ատեն.  Ժառանգավորաց  վարժարանի ուսանող էի։ Ալեկոծում սկսավ նաեւ մեր ուսանողներու մեջ, եւ այդ ալեկոծումի հետեւանքը այն եղավ, որ ոմանք ձգեցին, գացին եւ Հայաստան փոխադրվեցան։

Ես չխանդավառվեցա՝ այն տրամաբանությամբ, որ պատերազմեն նոր ելած ժողովուրդ մը, որ Հայաստանն էր, չէր կրնա ներգաղթողներ ընդունիլ իր ծոցի մեջ, երբ ինքը արդեն տնտեսապես շատ փայլուն կացության մեջ չէր։ Այդպես մնացի հոն՝ Երուսաղեմ:

Հակահամայնավար դիմադրությունը, մեծ ուժ մըն էր մեր հայ ժողովուրդին համար։ Ադիկա ոչնչացնելու համար ներգաղթի պատմությունը ստեղծեց Ստալինը: Կ’ենթադրեմ, որ արտասահմանի հայերու ուժը ջլատելու, չեզոքացնելու հարց մը գոյություն ուներ անպայման։

Հիմա, մեկ մասը զանգվածորեն ներգաղթեց, մյուս մասն ալ թշնամացուց իրարու: Դաշնակցական եւ հակադաշնակցական երկար ժամանակի վրա պայքարի մտան. սպառիչ պայքար մըն էր, իհարկե, ադ բոլորը եւ համայնավարության կամ ստալինականության ի շահ էր անպայման։ Ադ մտածած պետք է ըլլան։

Մենք բազմաթիվ ազգականներ ունեինք, որ Դաշնակցությանը մոտ էին, ոմանք դաշնակցական էին, իմ ուսուցիչներս դաշնակցական էին: Հիմա, հայրենիքի դռները երբ որ բացվեցան, մոռցան գաղափարական ամեն բան, դեպի հայրենիք գացին: Համայնավարության հարց չունեին այս մարդիկը, որ գացին։ Ուսուցիչներես երկու հոգին գացին, Հայաստան հասան եւ շատ քիչ ժամանակե ետքը Սիբերիա աքսորվեցան:

Իսկ Այնճարի մեր ուսուցիչները չգացին։ Որեւէ մեկը հրաժարական չգրեց եւ չգնաց Հայաստան, ուսուցիչները մնացին: Այնճարի գրեթե կեսը Հայաստան գնաց, բայց ոչ թե համայնավար ըլլալու խայծով գնաց, այլ հայաստանասիրության գծով գնաց։ Եւ որովհետեւ պրոպագանդան այնպես էր, որ Հայաստանը դրախտ  մըն էր, պիտի երթային, ամեն ինչ պատրաստ պիտի գտնեին։

Դաշնակցությունը իր ղեկավարությամբ գիտեր, որ Հայաստանը ի վիճակի չէր հիմա հայությունը ընդունելու, ադոր համար դեմ եղավ. հիմա ժամանակը չէ, Հայաստանը ի վիճակի չէ զանգվածներ ընդունելու։

Մենք Հայաստանին կը հետեւեինք շատ մանրամասնորեն, այո՛, Հայաստանը իմիջիայլոց տեղ մը չէր, իմիջիայլոց երկիր մը չէր մեզի համար։ Մեր հոգիի հետ, մեր մարմինի հետ, մեր երեւակայության հետ կապ ունեցող երկիր էր։ Պատմությո՛ւն էր։

Գացին, հուսախաբ եղան մարդիկը, տեսան, որ իրենց երեւակայածին պես, իրենց մտածածին պես հայրենիք մը չկա։ Տակավին Հայաստան չհասած՝  Բաթումի մեջ անգամ, մեր ներգաղթողները զգացին, որ խաբված են։ Զգացին, որ բռնության մը ծոցը կերթան կոր։

Հիմա իմ ընկերներես մեկը կըսե կոր՝ եղբա՛յր, տնտեսապես հոս ալ խեղճ էինք ՝ հաց չկար, ջուր չկար, տուն չկար, կով չկար. բան մը չկար, բայց մեկ բան միայն կար հոս՝ ազատությունը։ Հոն ալ hաց չկար, ջուր չկար, բնակարան չկար, աս չկար, ան չկար, եւ բոլոր «չկաներու» քով նաեւ վախը կար։ Ահավորը, անտանելին այդ էր մեզի համար։ Եւ այդ պարագային տեսանք, որ մեր ոտքերուն տակ այդ հողը հայրենական հող չէ, հայրենիք չէ ասիկա, մեր երազած հայրենիքը չէ ասիկա։ Եւ հետեւաբար, դուռ մը բացողը, հանդգնություն մը ունեցողը փախավ, ձեւը գտավ:

Ես 1991-ին միայն սկսա Հայաստան երթալ. ազգականներ ունիմ, բարեկամներ ունիմ. ամենքն ալ վիրավոր հոգի մը ունին՝ կա՛մ արտագաղթած մեկը կա, կա՛մ բանտարկված մեկը կա, կա՛մ իրենք ծեծի ենթարկված են։ Իմ հորաքրոջս տղան, օրինակի համար, կըսեր, որ գիշեր մը իր քեռայրը կ’առնին, ուրեմն, կանվոյնեու մեջ կը դնեն, կերթան կոր։ Ո՞ւր կը տանիք կոր քեռայրս՝ կըսե կոր: Ի՞նչպես կըլլա, որ դուն պետության որոշումին դեմ կը խոսիս, կըսեն։ Հինգ տարի անընդհատ ամեն առտու կ’երթա ոստիկանատուն, կը ծեծեն զինքը, հետո գործի կ’երթա։

Ինչ կը վերաբերի ներգաղթին, ըսեմ, որ համենայնդեպս, ես այն միտքը ունիմ, որ ներգաղթողներեն կեսեն ավելի, այսպես, Սիբերիո գացին, մեռան, հոն հաստատվեցան, բայց մյուս կեսը, որ Հայաստան մնացին՝ օրհնություն մըն էր, իրենց համար ալ, Հայաստանի համար ալ։ Աս իմ տեսակետս է։

Դաշնակցությունը իր ղեկավարությամբ գիտեր, որ Հայաստանը ի վիճակի չէր հիմա հայությունը ընդունելու, ադոր համար դեմ եղավ. հիմա ժամանակը չէ, Հայաստանը ի վիճակի չէ զանգվածներ ընդունելու։