Ներգաղթել է 1947 թվականին Կահիրեից / Ապրում է Երեւանում

Շուշիկ Ժամկոչյան

Հայրս ու մայրս որբանոցի երեխաներ են եղել: Հայրս տասնչորս տարեկանից աշխատել, երեք խանութի տեր էր դարձել Ալեքսանդրիայում եւ իր օգուտի քսան տոկոսը Հայ օգնության կոմիտեի միջոցով պարտաճանաչ ուղարկում էր Հայաստան: Երկար ժամանակ հայրս հորաքրոջս հետ չէր խոսում, որովհետեւ նա իտալացու հետ էր ամուսնացել:

Մի խոսքով, մայրս ու հայրս որոշում են Հայաստան գալ, որտեղ ապրում էր մամայիս մորաքույրը: Նա էլ նամակ է գրում, թե՝ քառասուն տարվա ուտելիք կբերես հետդ: 

Մերոնք էլ ամեն ինչ  հետները բերում են. մենք ուտելու նեղություն չենք քաշել, հլա մյուսներին էլ օգնել ենք: 

Բայց հայրս շատ էր հիասթափվել, որովհետեւ եկել էր Հայաստան՝ տեսել, որ այստեղ ոչ մի հայրենասիրություն էլ չկա: Ասում էր`սա մեր հայրենիքը չի, սա Ռուսաստանն է: Ռուսամոլությունը էնքան էր տարածվել, որ մայրս որոշեց ինձ անպայման հայոց պատմություն լավ սովորեցնել: Դպրոցից բացի, մայրս ամեն օր հայերենը խիստ ձեւով պարապում էր ինձ հետ: 

Տատս չդիմացավ`հայրենիքը անիծելով մահացավ: Նա հատկապես չէր հաշտվում, որ իր աղջիկներից էր բաժանվել: 

Աքսորից, փառք Աստծո, մեր ընտանիքը խուսափեց: 1949 թիվն էր: Ես ու մամաս մենակ էինք տանը: Եկել էին, մեր դուռը ծեծում էին, մամաս ասաց՝ մինչեւ լիազոր չբերեք, պետական մարդ չբերեք` ես դուռը չեմ բացի: Չբացեց:

Պապաս Նուբարաշեն էր գնացել, հետ գալու ժամանակ ճանապարհին իր ծանոթ միլիցան ասում է՝ մի՛ գնա, բոլոր նորեկներին պիտի հավաքեն, տանեն: Այդ մարդն էլ էր որբանոցի տղա, ասում է՝ արի ես քեզ պահեմ մեր տանը: Հայրս ասում է՝ չէ, կինս երեխաս տանը մենակ են: 

Մեր թաղային լիազորը, որը նույնպես հարենադարձ էր, մեր մասին դրական բաներ էր պատմում կարեւոր տեղերում, ասում էր, որ հայրս ՀՕԿ-ի անդամ է եղել, որ մենք սովետական կարգերից ոչ մի անգամ չենք բողոքել, եւ մեզ չաքսորեցին: 

Մի անգամ մենք գնացինք մեր բարեկամի տունը`գյուղ, դուռը փակ էր: Նա դաշնակ էր եղել, բայց դաշնակցությունից հրաժարվել էր, հետո նոր եկել Հայաստան: Եւ աքսորել էին. մամաս դրանից հետո շատ տխուր էր: 

Տեղացիները մեզ ծաղրում էին. ասում էին՝ դու հա՞յ ես, թե ախպար: Ասում էի՝ ես քույրիկ եմ, բայց դու հիմար ես…  «Ախպար՝ նշանակում է «եղբայր», բայց այդ բառը ատելությամբ, զզվանքով էին ասում շատերը: 

Հասկանալի է, տեղացի ժողովուրդը ամեն ինչ կորցրել էր, պատերազմ էր գնացել՝ բերել, կողքը ուրիշ էին պառկացրել: Հանկարծակի բերել էին հազարավոր մարդկանց ու լցրել իրենց տների մեջ: Տունը կիսելուց բացի, ուտելիքը կիսվեց: Եթե կար ուտելիք… 

Հունաստանից, Սիրիայի որոշ տեղերից հայրենադարձները աղքատ եկան, բայց Ֆրանսիայից, Եգիպտոսից, Ամերիկայից ներգաղթողները հարուստ եկան: Պարզ մարդկային նախանձ կար, որ՝ հա՛մ եկան մեր հողի մեջը տեղավորվեցին, հա՛մ էլ լավ ուտում, լավ հագնվում են: Սկսեցին շորերն էլ ձեռք առնել: Պապաս որ եկավ, գալստուկ էր կապում. ո՞նց կլինի առանց գալստուկ: Գալստուկը քաշում էին, ասում էին՝ էշի յուլլլար ա: 

Նույն բանը մեր մտավորականների նկատմամբ են արել 1923-1930թթ.: Խեղճ ու կրակ, աղքատ ու պարզ ժողովուրդ էր էստեղ. ես իրենց չեմ մեղադրում, կառավարությունն էր ստեղծում էդ հակասությունները:  

Հայրենիքը պահպանելու համար բերեցին դրսի ժողովրդին, բայց Ռուսաստանը ավելի խելոք եղավ ու նրանց տարավ, իր Սիբիրը  զարգացրեց:

Ես ինքս Հայաստանից գնալու միտք ոչ մի անգամ չեմ ունեցել: 1973-ին, երբ արդեն երեսուն տարեկան դարձա ու գնացի Իտալիա, գնալուց առաջ մայրս ինձ խիստ պատվիրեց հայրենիքս չմոռանալ ու հետ վերադառնալ: Հորաքույրս Իտալիայում ամեն ինչ ուներ՝ երեխա չուներ: Ես, իհարկե, տեսա շատ մեծ տարբերությունը. էնտեղ ամեն ինչ էնքան զարմանալի էր, բայց չխաբվեցի եւ նորից հետ վերադարձա Հայաստան. հայրենիքը ամենալավ բանն է՝ իր բոլոր թերություններով հանդերձ: 

Մենք ենք ստեղծում թերությունը, հողն ու ջուրը մեղավոր չեն… Սիրտս ցավում է, որ մեր երեխաներին չենք կարողանում ճիշտ հայրենասիրություն սովորեցնել: Եթե ունենան հայրենասիրություն, բոլոր դժվարությունները կտանեն:

Իմ աղջիկը 2000թ. գնում էր Ֆրանսիա՝ ուսանելու: Ինչպես մայրս ինձ էր ասել ժամանակին, ես էլ իրեն ասի՝ եթե գնաս, ինձ մոռացիր, ես դեմ եմ քո գնալուն. հերիք է՝ մեր խելոք մարդիկ գնան, ուրիշին զարգացնեն: Ես ամեն  գնացողի համար ցավում եմ, այո՛: Խաժամուժը թող գնա. նա, ով փող է սիրում, թող գնա: Բայց, երբ տեսնում եմ, որ մի խելացի մարդ է  գնում, մի մտավորական մարդ է գնում, ես, հավատացե՛ք, արտասվում եմ:

Հայրենիքը պահպանելու համար բերեցին դրսի ժողովրդին, բայց Ռուսաստանը ավելի խելոք եղավ ու նրանց տարավ, իր Սիբիրը զարգացրեց: