Ընտանիքը ներգաղթել է Ֆրանսիայից, 1947 / Սյուզանը ծնվել է Հայաստանում

Սյուզան Մոնու (Տեր-Մեսրոպյան)

Պապիկս 1915-ի ջարդից փախել, Ֆրանսիա էր հասել, ամուսնացել։ Հավատում էր կոմունիզմին ու նպատակ էր դրել՝ կոմունիզմ կառուցել հայրենիքում։ 1947-ին գնացին Հայաստան: 

Տեղավորվել էին Հոկտեմբերյանի Բերքաշատ գյուղում։ Հետո պապաս ամուսնացավ տեղացի հայի՝ Հասմիկի հետ. մամայիս անունը Հասմիկ է։ Սկզբում Էջմիածնում մի փոքրիկ սենյակ էին վարձել։ Պապաս փայտի գործ էր անում, հետո ռուսական դպրոցում նկարչության եւ ձեռքի աշխատանքի դասատու էր։ Կամաց-կամաց տեղավորվեցին, տուն կառուցեցին։ Ես ծնվել եմ Էջմիածնում։

Պապայիս մեծ քույրիկը ամուսնացել էր Ֆրանսիայի հայի հետ, և իրենք շուտ հետ եկան Ֆրանսիա, որովհետեւ ինքը պասպորտ (անձնագիր) ուներ, Ֆրանսիայի քաղաքացի էր։ Պապայիս միշտ գրում էր՝ դուք էլ եկեք, պետք չի մնաք: Որովհետեւ վիճակը ծանր էր։ 

Բոլորը գիտեն՝ էդ Սովետի տարիներին էդքան էլ հեշտ չէր երեխա պահել, աշխատավարձերը ցածր էին։ Հորաքույրս, հետեւներիցս ընկած, պապային ասում էր միշտ՝ վեր կացեք, եկե՛ք, ավելի հեշտ է Ֆրանսիայում կյանքը։ Դրա համար էլ պապայենք դիմել էին։ 

Ութ տարի տեւեց, միչեւ էդ թույլտվությունը տվեցին, եւ 1972-ին եկանք Ֆրանսիա։ Ի՜նչ դժվար պայքարով. հորաքույրս՝ էստեղ նախարարություն խառնելով, դեսպանատուն խառնելով, պրեզիդենտին գրելով… 

Ես միշտ հիշում եմ՝ մենք փոքրիկ էինք, եւ ինձ, քույրիկիս ու եղբորս թողնում էին տունը, ասում էին՝ խելոք կմնաք, երեխե՛ք, ու գնում էին Երեւան՝ օվիր (աձնագրերի և վիզաների բաժին)։ Մեր մանկությունից մնացել է էդ հիշողությունը, որ մամայենք գնում էին օվիր, ահագին ներվային վիճակում հետ գալիս: Չեմ էլ իմանում, թե էդ «օվիրը» ինչ իմաստ ունի, բայց գիտեմ, որ կարեւոր, կարեւո՛ր բան էր. տարիների ընթացքում միշտ գնում էին, դիմում էին։ Հիշում եմ, որ պապան մի քանի անգամ նույնիսկ Մոսկվա է գնացել դիմելու համար: Հետ գալուց Մոսկվայից միշտ համով ուտելիքներ էր բերում։ Մի անգամ բանան էր բերել. Հայաստանում բանան էն ժամանակ չկար։ 

Եղբորս ու քույրիկիս հետ մենք մեր ֆրանսիական անունները ունեինք. ասում էինք, որ ես Արփինե եմ Հայաստանում, Ֆրանսիայում Սյուզան կլինեմ, իսկ եղբորս անունը Հովհաննես է, Ֆրանսիայում՝ Ժան, Անահիտ քույրիկիս անունը, որին Հայաստանում Անո էին ասում, Ֆրանսիայում Անի դարձրինք։ Իրար հետ խաղում էինք, թե երբ որ Ֆրանսիա գնանք, ոնց ենք իրար հետ խոսելու, կատակներ էինք անում։ 

Ֆրանսիա գալուց մի քանի օր մնացինք Մոսկվայում։ Քանի որ մամայենք վաճառել էին տունը, ձեռքները փող կար։ Մի հատ լավ, շքեղ հյուրանոցում մնացինք մի քանի օր։ 

Ո՛չ մամաս ֆրանսերեն գիտեր, ո՛չ՝ մենք։ Պապաս գիտեր, որովհետեւ 11տարեկան էր, որ գնացել էր Հայաստան: 

Ես, ուրեմն, 12 տարեկան աղջիկ՝ առաջին դասարանի հետ եմ նստել։ Փոքրիկ, հինգ տարեկան երեխաներ էին՝ ձեռքս բռնած, դպրոցի բակում ման էինք գալիս։ Ասում էին, տե՛ս, սա՝ ծառ է… Մեկ-մեկ բառերը սովորեցնում էին։ Էնքան վատ էի զգում ինձ։

Ամենադժվարը մամայիս համար էր, որովհետեւ ինքը Էջմիածնում լավ միջավայրում էր ապրել։ Պապայիս դպրոցի կոլեգաների շատ ջերմ, մակարդակով մարդկանց մեջ էր ինքը։ Տարին երկու անգամ պապաս հրավիրում էր իրենց դպրոցի կոլեկտիվին, քեֆ էին անում մինչեւ գիշեր՝ երգելով: 

Ֆրանսիայում, քանի որ զրոյից էին սկսում, ձեռքները գումար չկար: Մամաս էլ տեսավ, որ պապաս շատ է չարչարվում գործարանում, ասաց՝ ես էլ կաշխատեմ։ Հավաքարարություն էլ արեց: Հենց մի տարի հետո արդեն իրեն շատ վատ էր զգում: Ասաց՝ ես չեմ կարող դիմանալ: Վեճեր էին գնում տունը, կռվում էին, մաման լացում էր։ Առողջության խնդիրներ ունեցան ու որոշեցին, որ նորից հետ գնան։ Չէին ուզում մնալ։ Բայց սովետական ժամանակ մտնել-դուրս գալը էդքան հեշտ չէր: Վեց տարի տեւեց, մինչեւ որ հետ գնացինք։ 

Մեծացել էինք. ես տասնութ տարեկան էի, քույրիկս՝ տասնվեց։ Եղբայրս ամենամեծն էր. քսան տարեկան էր։ Իրեն բանակ էին կանչել Ֆրանսիայում։ Ասաց՝ դե, ես գնամ բանակ, երբ որ կազատվեմ, կգամ ձեզ մոտ։ Բայց երեք ամիս հետո ինքը մեզ նամակ գրեց, որ՝ ես չեմ գա Հայաստան. ուզում էր մեկի հետ ամուսնանալ։ Սիրահարվել էր մի շեկ, կապույտ աչքերով ֆրանսուհու։ 

Մամաս որ իմացավ, որ իրա տղան չի գալու, լաց ու կոծ դրեց նորից՝ չէ՛, առանց տղայիս չի լինի, չեմ կարող։ Կարծեմ, մենակ էդ չէր պատճառը: Երբ որ հետ գնացինք Հայաստան, ինքը, ոնց ասած՝ մի քիչ հարմարվել էր արդեն ֆրանսիական հնարավորություններին: Ինչ որ է, երեք ամիս հետո որոշեցինք, որ չենք մնա Հայաստանում։ 

Օվիրում մեր ֆրանսիական պասպորտները պապայիս ձեռքից վերցրել էին։ Պապաս գժվել էր, լրիվ խենթացել էր. շատ-շատ ներվայնացած եկավ։ Իրենք դա շատ ծանր տարան։ Քույրիկիս եւ ինձ համար լավ էր, որովհետեւ երիտասարդ միջավայրում էինք , բայց ծնողներիս համար շատ դժվար էր: Իրենք անհանգստանում էին, որ մենք էլ հանկարծ կսիրահարվենք:

Էս մի պայքարը երկու տարի տեւեց: Սովետի աշխատողները կարծում էին, թե մենք Ֆրանսիայի շպիոն ենք՝ լրտես ենք, իսկ Ֆրանսիայում կարծում էին, թե մենք Սովետի լրտես ենք։ Եկանք էստեղ նորից։

Ես շատ տխուր էի, ուզում էի անպայման նորից հետ գնալ։ Որոշել էի, որ կգնամ, Հայաստանում կշարունակեմ ուսումս։ Ընդունվեցի ճարտարապետական ու դիմեցի, որ գնամ, այնտեղ սովորեմ։ Դե, մամայենք, իհարկե, շատ ծանր ընդունեցին էդ. հիվանդացել էին՝ պայքարում էին, որ չգնամ: 

Մեկ էլ էստեղ ֆրանսիական ոստիկանությունը ինձ գաղտնի ձեւով՝ հեռագիրով, կանչեց: Մի քիչ վախենում էի։ Քույրիկիս հետ միասին գնացինք: Ո՞նց են ասում՝ ներքին գործերի աշխատողներից մեկն էր, ասաց, թե՝ մենք իմացել ենք, որ դիմել եք Հայաստան վերադառնալու: Ասացի՝ հա: Ասաց՝ կուզենա՞ք էնտեղից մեզի ինֆորմացիա տալ։ Դե, պատկերացրեք, քսանմեկ տարեկան ջահել աղջիկ էի, իսկապես էդ պահին շատ զարմացա, եւ ծիծաղս էր գալիս... Քույրիկիս հետ դուրս եկանք, լավ ծիծաղեցինք: 

Հա, էդ աշխատողը կապույտ աչքերով, սառը մարդ էր՝ ինքնատիրապետող։ Երեւում էր, որ էմոցիաները, բան կարողանում էր լավ թաքցնել: Բայց ես նկատել էի, որ իր ձեռքի եղունգները լրիվ կրծած էին, եղունգի կեսն էր մնացել։ Մտածեցի, որ, հավանաբար, լրտեսի գործը կամ ներքին գործերի աշխատողի գործը էդքան էլ հեշտ չի։ 

Եվ էն ժամանակ՝ 1980թ., ոչ մեկ չէր պատկերացնում, որ Սովետը կվերջանա։ 

Ամուսինս ֆրանսիացի է, բայց հայերին ինքը շատ սիրում է եւ հայի հումորը, հայկական մշակույթը գնահատում է։ Երեխաներիս, արդեն հինգ տարի է, ամեն ամառ տանում եմ, որ ծանոթանան Հայաստանի հետ։ 

Ես հիշում եմ՝ առաջին տարին տղայիս և աղջկաս հետ օդակայանից գնացինք, ճաշեցինք Երևանի Կասկադի մոտի փոքրիկ ռեստորաններից մեկում: Սպասարկողը շատ, շատ հաճելի տղա էր՝ շեկ մազերով, կապույտ աչքերով։ Հաջորդ օրը, դե, սար ու ձոր չընկանք, գնացինք, նույն տեղը նստեցինք, մի լավ տոլմա կերանք։ Դուրս եկանք, տղաս ասում է՝ մամա, փաստորեն, Հայաստանում երբ որ մեկին հանդիպում ես, հետը բարեկամ ես դառնում, չէ։՞ Ջերմությունը ինքը զգացել էր, երեխեքը էդ ջերմությունը սպասարկողից զգացին։ Հայերի էդ մոտեցումը իրենք սիրում են: Ամեն տարի իմ հետ, իրենց պապայի հետ սիրով գալիս են Հայաստան։

Պապաս էլ իր ընկերությունը Հայաստանում էր գտել, ինքը երբեք ուրիշ տեղ էդպիսի հարաբերություններ չի ունեցել: Քաղաքական սիստեմը քննադատում էր, բայց իր ամենամոտիկ ու ամենալավ ընկերներին ինքը Հայաստանում է ունեցել։ 

Էջմիածնում Համլետ անունով նկարիչ ընկեր ուներ: Շատ էր սիրում ու հարգում իր ընկերներին: Լավ մթնոլորտ էր։ Դրա համար էլ չէր ասում, որ ինքը օտար է։ Դե, Ֆրանսիան, իհարկե, իր ծննդավայրն էր, բայց էստեղ ինքը իրեն համարում է մենակ որպես հայ։ Ֆրանսիացիներին շատ անգամ քննադատում է. օրինակ, երբ որ ամուսինս հետը մի քիչ կռվշտվում է, պապաս քֆրտում է նրան որպես ֆրանսիացի: 

Իսկ մամաս, որ բնիկ հայաստանցի է, Ֆրանսիան ավելի է գնահատում երեւի, քան թե պապաս։ Ու, ես էնքան ափսոսում եմ, որ պապայիս առողջությունը էդքան լավ չի, որովհետեւ կուզենայի հետս տանել՝ նորից գնայինք Էջմիածին, էդ իր երիտասարդ պահերը մի քիչ զգար։

Մեր մանկությունից մնացել է էդ հիշողությունը, որ մամայենք գնում էին օվիր, ահագին ներվային վիճակում հետ գալիս: Չեմ էլ իմանում, թե էդ «օվիրը» ինչ իմաստ ունի, բայց գիտեմ, որ կարեւոր, կարեւո՛ր բան էր...