ՍԴՀԿ ներկայացուցիչ (Բեյրութ)

Եղիա Ջերեջյան

Ոչ միայն համաշխարհային պատերազմեն հետո, այլեւ ընդհանրապես մեր ժամանակակից պատմության մեջ այլ որեւէ կազմակերպված ներգաղթ չի եղած։ Դա եղավ առաջին կազմակերպված ներգաղթը. իմ ցանկությունս է, որ վերջինը չի մնա։

Հնչակյան կուսակցությունը հայրենադարձության կողքին էր: Եւ ոչ մի օր էլ սփյուռք-հայրենիք էդ տարանջատումը դրված չէր. դուրսը ապրող հայը պետք է Հայաստան տանիլ, հոն ավելի լավ հայ կըլլա, Հայաստանը պետք է ամրապնդվի, Հայաստանը պետք է զորանա։ Սփյուռքի մեջ ինչքան ալ լավ դպրոցներ կառուցենք, լավ ակումբներ կառուցենք, լավ ֆուտբոլի խումբեր կազմենք, լավ մամուլի օրգաններ հրատարակենք, բոլորն ալ պատմության ընթացքին պիտի չը դիմանան։ Հայաստանն է մեր նպատակը՝ «վրանները պիտի զարկենք Արարատի ստորոտին»։ Սա էր լոզունգը այն ատենվա։

Օրինակ, ամբողջ Քեսաբի մասնաճյուղը լրիվ կազմով՝ ընտանիքներով, ներգաղթեց Հայաստան։ Մյուս շրջաններու մեջ ալ ներգաղթող շատ կար: Կուսակցությունը հավատաց, որ Սովետական Հայաստանը հայության վերջնական հայրենիքն է: Եւ օրը եկավ, որ վերջին հաշվով արդարացվեցավ դա, որովհետեւ այսօրվա մեր ունեցած հայրենիքը՝ Հայաստանը,  որ համայն հայության հայրենիքն է, այն ատեն Սովետական Հայաստան էր։

Հաղթանակեն հետո Սովետմիության քաղաքական վարկը, զինվորական վարկը աշխարհով մեկ շատ բարձր էր։ Ուրեմն, մարդիկ համոզվեցան, որ իրանք պիտի երթան երկիր մը, որ աշխարհի առաջինն է, ամենե զորավորն է, որու ղեկավարը նաեւ Ստալինն է։ Այսպիսին էր մարդոց տրամադրումը:Սակայն դժբախտությունը այն էր, որ սխալ ներկայացվեցավ  իրականությունը։

Մարդիկ Հայաստան էին գնում, ներգաղթում, կարծես աշխարհի ամենագեղեցիկ, ամենալավ, ամենակատարյալ երկիրը պիտի գնան։ Այդ ձեւի համոզումներով մարդիկ իրենց տեղից շարժեցին, որ հետո դուրս եկավ, որ սխալ է, եւ առավել՝ ստալինյան բռնատիրություն: Այսինքն, մարդիկ գնացին, մի մեծ բռնատիրության տակ իրենց գլուխը դրին՝ ելած իրենց հայրենասիրությունից եւ պատմական այն պահից, որ իրենք գնում են հաղթանակած հայրենիք։

Եւ իրենց տեղավորման համար, նվազագույն պայմանները ստեղծված չէին։ Հարազատներ ինձ պատմած են, որ ինչպես են իրենք մի տեղից քարեր բերել, մի տեղից ցեմենտ գողացել, մի տեղից՝ երկաթ, որպեսզի մի հատ ծածկ դնեն տանիքին. ընտանիքը պահելու համար մի հատ ծածկ։
Սկզբնական շրջանին շինծու նամակներ եկան, որ նրանք շատ լավ են ապրում, եւ մեր  թերթերի մեջ տպագրվեցան ադոնք՝ որպես քարոզչական միջոց: Բայց հետո իրականությունը մեջտեղ եկավ, որ էդ մարդիկը սուտ են գրել, որ նրանք աքսորվել են, որ բռնի պայմաններով են գրել։ Էս բարոյական վնասը քաղաքական վնասից շատ ավելի մեծ էր:

Սակայն ներգաղթի ղեկավարները իրապես համոզված են արել էդ գործը. վերջին հաշվով դու Հայաստան՝ հայրենիք, մարդ ես ուղարկում: Նրանք էդ մարդիկը չէին, որ ժողովուրդ խաբեին: Դեւեջյանը նախագահն էր, գնաց եւ Հայաստանում սպանվեց ։

Խաբեությունը Հայաստանեն եկավ. լավ ներկայացուցին։ Էս մարդիկը չէին ճանչնար Հայաստանը, չէին գացել, իրենց աչքով չէին տեսել։

Մինչդեռ ներգաղթյալներու եւ տեղացիների հակասության մի մասը, ես կարծում եմ, որ բնական է: Ի՞նչ իմաստով։ Ես էստեղից գնամ, ուրիշ գյուղ նստեմ, ինձ պիտի ասեն՝ էս օտար է։ Մենք էստեղ մի հատ գյուղ ունենք հայկական, Այնճար է անունը։ Դու շատ լավ մարդ եղիր՝ գնա Այնճար, ապրիր, քեզ կասեն՝ յաբանջու ես։ Յաբանջու՝ օտար է նշանակում մեր լեզվով։ Եթե օտարը լավ գործ էլ անի, էդ թաղի մարդիկը, էդ թաղի տղաները ուրիշ աչքով կը դիտեն: Եթե այսօր Հայաստանի թաղերից մի տղա ուրիշ թաղի մեջ գնա, աղջկա հետ խոսի, իր թաղի տղաները ուրիշ աչքով կը դիտեն։ Ուրեմն, էս մարդը դրսից է՝ ախպար։ Սա ժողովրդայինն է, իսկ քաղաքական իմաստով  ախպարին իշխանության մեջ տեղ չառնելը կար, իմպերիալիստի գործակալ, պոտենցիալ դավաճան համարելը կար:

Այսօր նորից սփյուռքից 150 հազար մարդ գնա Հայաստան, էլի պիտի լինի այդ հակասությունը։ Ղարաբաղից, գյուղից, հենց Հայաստան ծնած,  թող գնան Երեւան՝ էդ հակասությունը պիտի լինի։

Իսկ ներգաղթյալների՝ Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառը էն էր, որ նրանք արտագաղթելու հնարավորություն ունեին։ Այսինքն, այն ատեն, որ Հելսինկիի համաձայնագիրը կնքվեց, որ հարազատը հարազատին միանալու իրավունք ունի։ Եթե տեղացիներն էլ ունենային այդ հնարավորությունը, նրանք էլ կարտագաղթեին: Բայց տեղացիները դրսում չունեին էդ հարազատը,  որպեսզի արտագաղթի պահանջ տար՝ իրենց կանչեր արտասահման:

Մի անեկդոտ հիշեցի. ախպարները չեն ծնվում՝ գալիս են, ախպարները չեն մեռնում՝ գնում են։ Եկան, հետո էլ գնացին շատերը: Հա, մեկն էլ հիշեցի. ընկեր Մարգոն ասում է՝ Վարդանի՛կ ջան, եթե Սովետը սահմանները բացի, ի՞նչ կանես։ Սա՛ր կբարձրանամ։ Ասում է՝ ինչու՞: Ոտի տակ չընկնելո՛ւ համար...

Մարդիկ Հայաստան էին գնում, ներգաղթում, կարծես աշխարհի ամենագեղեցիկ, ամենալավ, ամենակատարյալ երկիրը պիտի գնան։ Այդ ձեւի համոզումներով մարդիկ իրենց տեղից շարժեցին, որ հետո դուրս եկավ, որ սխալ է...