Ներգաղթել է 1946 թվականին Սիրիայից / Մահացել է Բեյրությում

Զարուհի Չաթալյան

Ես վեց տարեկան եմ եղել, որ Սիրիայում ընտանիքով նավ ենք նստել՝ Հայաստան ենք գնում: 1946 թիվն էր: Նավով հասանք Բաթում, հետո մեզ տարան Ախտա (Հրազդան): 

Բոլոր երեխաներս հիվանդացանք. տենց ձյուն չէինք տեսել. մրսեցինք ճամփաներին։

Պապաս մեզ թողեց Ախտայում, ինքը գնաց՝ գյուղերը ման գա, տեսնի՝ որտեղ հարմար մի տեղ կա, որ մեղուներ պահի։ Ինքը մեղվապահ էր. պապենական եկած գործ էր: Վերջը գտավ Աշտարակի ռայոնի (շրջան) Կոշ գյուղը։ Հավաքեց բոլորիս, գնացինք Կոշ։ 

Ապրելու տեղ չունեինք։ Գյուղացիների տների մեջ մի անկյունը տալիս էին եկածներին, էս մի կողմը մի ընտանիք էր ապրում, էն մի կողմը՝ մի ուրիշ ընտանիք, մինչեւ որ պատրաստ լինեին նոր եկածների տները։ 

Մեր լեզուն տարբեր էր, նրանց լեզուն տարբեր էր, մեզ վրա ծիծաղում էին: Պատերազմը նոր էր վերջացել: Սով էր: Տկլոր էինք: Հինգ երեխա էինք: Հացի համար լացում էինք։ Մեզի հարեւանները հաց էին տալիս, ձավար էին տալիս: Մամաս ձեռագործ էր գործում, ծախում էր։ Էդ ձեւով՝ կես-սոված, կես-կուշտ, ապրում էինք։ 

Պապաս չոբանություն արեց. կոլխոզ էր էն ժամանակ, կոլխոզում չոբանություն արեց։ Կովերի համար ժմեխ էին բերում. ժմեխը գիտե՞ք, կեր էր կովերի, անասունների համար. գնում էինք, ուտում էինք էդ ժմեխը։ Բայց երբեք ու երբեք պապայիս մտքով չի անցել, թե՝ ընչի՞ եկա: Երբե՛ք:

Լավ օրեր չտեսանք, բայց իմ կուսակցական պապաս ասում էր՝ մեր հայրենիքն է: Օ՜, հայրենիք, օ՜, հայրենիք՝ ասելով, հայրենիքում էլ մեռավ։ 

Ինչ որ է, ինձ ամուսնացրեցին Երեւան։ Մեր գյուղում հայրենադարձներ շատ կային, որ քաղաք գնացին: Բայց իմ երկու եղբայրներս Կոշ գյուղում են մինչեւ հիմա, քույրս՝ Աշտարակում: Մեղվապահ են երկուսն էլ եղբայրներս։ Ամենափոքր եղբայրս իր մեղուներին Քելբաջար է տարել, ինքն էլ է էնտեղ մնում երկար: Ինձանից փոքր եղբայրս Ամերիկա գնաց ընտանիքով: 

Մենք 1993-ին եկանք Լիբանան: Գիտեք՝ ինչ մութ ու փիս օրեր էին Հայաստանում, ուրիշ ճամփա չկար մեզ գնալու։ 

Դրանից առաջ էլ Հայաստանից դուրս գալու հնարավորություն էր եղել, չէինք գնացել: Դեռ Սովետի ժամանակ էր, երբ Ամերիկայից եկան մեր թղթերը, որ պետք է գնայինք: Ես եւ ամուսինս աշխատում էինք Կամվոլնի (նուրբ բրդյա գործվածքի) կոմբինատում։ Ամուսինս ասաց՝ պատռի էտի, ես իմ հայրենիքս չեմ թողնի ու չեմ գնա։ Սովետի ժամանակ լավ էինք։ Ապրում էինք՝ գլուխներս կախ։ Հազիվ ընտելացել էինք։ Չգնացինք, եւ բախտը նենց պտտվեց, որ ստիպված էինք Լիբանան գալու: Աղջիկս էլ, ամուսինս էլ էստեղ մահացան, էստեղ են թաղված։ 

Աչքս էլի միշտ Հայաստանի ճամփին է: Տասնվեց տարեկանից ամուսնացել եմ. տեգրս մեր տան երկրորդ հարկում էր ապրում, մենք՝ առաջին: Նա իր տները ծախեց, ինձ մեջտեղը թողեց ու գնաց Ամերիկա։ 

Իմ երեք երեխաներիս ես ունեցել եմ էդ տանը: Հետագայում փորձեցի էդ առաջին հարկը իմ սեփականությամբ գրանցել, ասացի՝ ինչքան որ պետք է՝ կվճարեմ, ասացին՝ դատարան պետք է տաս: Դիմում գրեցի Հայաստանի վարչապետին, սխալ էր հասկացել, պատասխանեց՝ մենք չենք կարող ֆինանսապես ձեզ օգնել։

Էստեղ տղաս է մենակ աշխատում, դժվար է, չիմանաք, թե դրսում ենք՝ շատ լավ ենք ապրում։ Դժվար օրեր էստեղ էլ ենք անցկացրել։ Դպրոցը՝ փողով, հիվանդանոցը՝ փողով. դուշմանս թող չընկնի հիվանդանոց էստեղ։ Եղբայրս էր օգնում, հիմա չի կարողանում։ Էնտեղ էլ գործ չկա, վիճակը լավ չի։

Լավ օրեր չտեսանք, բայց իմ կուսակցական պապաս ասում էր՝ մեր հայրենիքն է: Օ՜, հայրենիք, օ՜, հայրենիք՝ ասելով, հայրենիքում էլ մեռավ։