Գրականագետ, հրատարակիչ

Ժիրայր Դանիելյան

Հինգ-վեց տարու մանուկ էի, շատ լավ կը հիշեմ: Ներգաղթի կոմիտեի մեջ մեր հարազատը կար՝ Վահրիճ Ջերեջյանը, եւ մենք կը բնակեինք երկհարկանի շենքի մը մեջ առաջին հարկը, երկրորդ հարկը՝ Ջերեջյան գերդաստանը։

Հայրս Հալեպ գնաց այդ օրերուն եւ հետը բերավ երկու շատ մեծ ճամպրուկներ. մենք ճամպրուկ չենք ըսեր, սնդուկնե՛ր, շատ հաստատուն, մեկ մասը՝ թիթեղածածկ: Հետագային, չգիտեմ՝ ինչու, չներգաղթեցինք: Վահրիճ Ջերեջյանը միշտ կըսեր՝ սպասեցե՛ք, վերջին նավն ալ պիտի գա, վերջին նավով բոլորս միասին կը ներգաղթենք։ Չնայած, որ իր կրտսեր եղբայրը՝ Զոհրապը, երեք-չորս ուսանողներ գացին. մեկն ալ Գեւորգ Խռլոպյանն էր։

Ուրեմն, այդ սնդուկները մնացին մեր տան մեջ։ Հետո հայկական թաղամասեն փոխադրվեցանք քաղաքի կենտրոն, եւ այդ սնդուկները մեզի աչքկապուկի ժամանակ պահմտելու տեղ կը հայթայթեինք, ամբողջ հասակով կը պառկեինք մեջը՝ պահմտելու համար: Հետագային այդ սնդուկներեն ալ հրաժարեցանք։

Այս՝ մեկ։ Երկրորդ, կը հիշեմ, որ երկու հորաքույրներուս ընտանիքները ներգաղթող բազմության մեջ էին, եւ ծնողքիս հետ գացինք կարանտինա կոչվող նավահանգիստի գիծ, որ մինչեւ այսօր ալ կը գոյատեւե։ Բազմություն մը ներկա էր այդտեղ, խանդավառ երգեր, օրինակ, «Հեյ, ջան, կարավան», « Հեյ, ջան, Երեւան» կը երգեին այդ ժամանակ։ Երբ որ նավերը ճանապարհ ընկան, վազեվազ գացինք ուրիշ բարեկամի մը տունը, որ ծովահայաց դիրք ուներ, այդ տեղեն հորիզոնի վրան երեւացող նավերուն այսպես վերջին ողջերթ մաղթեցինք։

Համայնավար կուսակցությունը պայման դրավ, որ հայրենադարձները, եթե դաշնակցական են, պետք է ներգաղթելու համար կուսակցութենեն հրաժարին հրապարակային ձեւով, այսինքն՝ մամուլի մեջ: Այսպիսի տխուր երեւույթներ եղան՝ քիչ մը խանգարելու այդ ուրախ մթնոլորտը։

Հետո կը հիշեմ, որ հայրենադարձ մեր հարազատներեն ոմանք նամակներ գրեցին, որ խաբեցին ժողովուրդը։ Հիմա, «խաբեցին»-ը ճի՞շտ բառն է, թե ոչ, չեմ գիտեր, միայն մեկ բան գիտեմ, որ Հայաստանը ներկայացվեցավ այդ օրերուն որպես երկիր դրախտավայր։

Հիմա, եթե այդ հարցին մոտենանք բարոյական առումով, Հայաստանը ինչ պայմաններու տակ ալ գտնվի, երկիր դրախտավայր է, չէ՞, այսինքն, մայր հայրենիքն է։ Սակայն, ես կը խորհիմ, որ ատենի ղեկավարները պետք է ավելի իրապաշտ մոտեցումով ժողովրդին բացատրեին, թե իրենք դրախտ չէ, որ կ’երթան կոր եւ պիտի բազմաթիվ դժվարություններ դիմավորեն։ Մանավանդ, երբ Սովետական Միությունը երկրորդ համաշխարհային պատերազմեն դուրս եկած, եւ մեր փոքր երկիրը 300 հազար զինվոր զոհած էր: Այդ երկիրը աղքատացած էր, որբացած էր, հայ մարդու աշխատող բազուկները նվազագույնի իջած էին. այս բոլորը պետք է բացատրվեր, եւ մարդիկ ըստ այնմ որոշեին՝ երթան կամ ոչ։

Մյուս կողմեն, նաեւ այսպիսի զրույցներ կը շրջեին, որ եթե Հայաստանին ժողովրդին թիվը նվազելով մեկ միլիոնի սահմանեն վար իջնե, կրնա Հայաստանը հանրապետութենե անցնիլ ինքնավար շրջանին։ Հիմա չեմ գիտեր, թե ճի՞շտ էր. այսպիսի բացատրություն ալ կար։ Սակայն պետք է ընդունիլ, որ ժամանակի մը համար Հայաստանի բնակչության թիվը աճ արձանագրեց:

Հետո, կ’ենթադրեմ նաեւ, որ տնտեսական մտահոգությունները ավելի ազդու պայմաններ էին, որ աշխատող ձեռք տանեին։ Մի՛ մոռնաք, որ Պարսկաստանեն եւ Սուրիայեն ներգաղթողները ընդհանրապես գյուղացի մարդիկ էին։ Արդեն գյուղական պայմաններու մեջ կապրեին, անոնց համար, թերեւս հեշտ պիտի ըլլար երթալ այդտեղ՝գյուղական պայմաններու մեջ շարունակել իրենց կյանքը։

Ֆրանսայեն, Ամերիկայեն, Լիբանանեն ներգաղթողները՝ կենսամակարդակի աճ ունեցողները, թերեւս ավելի տուժողներ եղան այս ներգաղթեն։ Մեկ պարագա մը կհիշեմ։ Ֆրանսայի, հիմա չեմ ալ հիշեր՝ ո՞ր արտաքին գործոց նախարարն էր, այցելեց Հայաստան։ Եւ ֆրանսահայերը, որոնք ներգաղթած էին, այդ դիվանագետի ներկայությամբ ցույց կազմակերպեցին։ Եւ կարծեմ Ֆրանսայի պետության միջամտությամբ բազմաթիվ ֆրանսահայեր կանուխեն վերադարձան: Անոնցմե մեկը, եթե հիշողությունս չի դավաճանե, Միսաք Մանուշյանի այրին էր՝ Մելինե Մանուշյանը։

Հայաստանեն բուն արտագաղթը ավելի շեշտվեցավ յոթանասունական-ութսունական թիվերուն։ Իմ հարազատները ութսունականներուն արտագաղթեցին Հայաստանեն։

Ես վճռած եմ՝ չհեռանալ Լիբանանեն: 1975-ին այս որոշումը առած եմ. եթե Լիբանանեն պիտի հեռանամ, հա՛, հասցես, միա՛կ հասցես Հայաստանն է։ Թերեւս, այս որոշումին մեջ նաեւ իմ հետաքրքրություններս կան, որ ես բանասիրությամբ կը զբաղիմ, գրականությամբ կը զբաղիմ՝ կ’երթամ, հայրենիքի մեջ կընեմ, եւ հարմարագույն տեղը հայրենիքն է, իմ կարծիքով, նման աշխատանք կատարելու համար։

հայրենադարձ մեր հարազատներեն ոմանք նամակներ գրեցին, որ խաբեցին ժողովուրդը։ Հիմա, «խաբեցին»-ը ճի՞շտ բառն է, թե ոչ, չեմ գիտեր, միայն մեկ բան գիտեմ, որ Հայաստանը ներկայացվեցավ այդ օրերուն որպես երկիր դրախտավայր։